«1960-ականներ. Նիկոլայ Նիկողոսյանի աշխարհը» խորագրով ցուցահանդես՝ «Նիկո» պատկերասրահում

05 Դեկտեմբերի 2024, 17:35

Մշակույթ

«Նիկո» պատկերասրահը ներկայացնում է նոր ցուցադրություն։ Ցուցահանդեսին ներկայացված են քանդակագործ, գեղանկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքները, որոնք ստեղծվել են 1950-ականների վերջից մինչև 60-ականների վերջը։ Այդ գործերն այսօր դուրս են բերվել պատկերասրահի պահոցներից։

«Մենք փորձեցինք փոխանցել նկարչի, արդեն ճանաչված քանդակագործի այդ ժամանակահատվածի աշխարհայացքը, նրա որոնումները կերպարվեստի մեջ։ Պարբերաբար կցուցադրենք աշխատանքներ այս ցուցահանդեսից»,- ասվում է պատկերասրահի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» ստեղծվել է Վարպետի կողմից 2018 թվականին և արվեստային տարածքի տեսքով իր դռներն է բացել 2019 թ. օգոստոսին: Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի արվեստային տարածքում ներկայացված են ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի (1918-2018) քանդակները, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները:

Համարվելով խորհրդահայ արձանագործության ռահվիրաներից մեկը՝ Նիկոլայ Նիկողոսյանը խորհրդային տարիներին կարողացել է պահպանել ազատ ստեղծագործական ինքնարտահայտումը։