Նիկոլ Դուման. Կյանքը հայ ազգային-ազատագրական պայքարին նվիրած գործիչը

13 Հունվարի 2025, 23:47

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Նիկողայոս Տեր-Հարությունյանը (Նիկոլ Դուման)՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։

Ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887թ.)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896թթ-ին` Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ 1894-1896թթ. մասնակցել է Դերիկի կռիվներին։

1894-96 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերից հետո Նիկողայոսը որոշել է իր կյանքը նվիրել ազգային պայքարին և ինքնապաշտպանական մարտերին։ 1895 թվականին նա տասը զինակիցների հետ մեկնել է Վան, որտեղ նրանց շրջապատել են սուլթանի մոտ ծառայության մեջ գտնվող քուրդ ձիավորները։ Երբ հրկիզել են այն տունը, որտեղ նրանք պատսպարվում էին, ծխով ծածկվելով Նիկողայոսը ընկերների հետ կարողացել է դուրս գալ կրակից և քրդերի դեմ պայքարի ընթացքում սպանել նրանցից երկուսին։ Նրա քաջությունից ոգեշնչված քրդերը Նիկողայոսին տվել են «Դուման» մականունը, որը թարգմանաբար նշանակում «ծուխ»։

1896 թվականին Նիկոլի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897թ.) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ 1905 թվականին Բաքվի հայ-թաթարական ջարդերի ժամանակ կազմակերպել է պաշտպանությունը, իսկ նույն թվականի փետրվարի 7-ին հաջողությամբ պայքարել է ջարդարարների դեմ։ Հետագայում գլխավորել է Երևանի նահանգի ինքնապաշտպանությունը։

Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, տուբերկուլյոզով տառապող Նիկոլը զգալով, որ չի կարող մասնակցել 1914թ-ին սկսված պատերազմում ծավալված հայկական կամավորական շարժմանը, 1914 թվականի սեպտեմբերին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։

Նիկոլ Դումանը թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական եկեղեցու տարածքում, սակայն 1930-ական թվականներին վրացական իշխանությունները քանդել են պանթեոնը, որտեղ գտնվում էին նաև այլ դաշնակցականների գերեզմանները։

Իսկ Արցախի այն տանը, որտեղ ապրել է Նիկոլ Դումանը, բացվել է թանգարան, Հայաստանի քաղաքներում էլ կան նրա անունով փողոցներ։