Նիկոլ Փաշինյանը բերեց պարտություն և այդ պարտությունը սարքեց իշխանության մնալու դրոշակ․ Քոչարյան

02 Օգոստոսի 2025, 14:45

Քաղաքականություն

Նախաստորագրել բառը հերթական անգամ գլուխ արդուկելու տերմինոլոգիա է, որի տակ ոչինչ չկա։ Այս մասին «5-րդ ալիքի» հետ զրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։

«Ես 10 տարի նախագահ եմ եղել, ստորագրել եմ բազմաթիվ պայմանագրեր, բայց երբեք չի եղել նախաստորագրելու տարբերակը։ Ի՞նչ է նշանակում նախաստորագրել։ Եթե տարաձայնությունները շատ են, ուրեմն դեռ չկա ստորագրելու պայմանագիր։ Եթե խոսում են նախաստորագրելու մասին, ուրեմն, ենթադրաբար, մինչև ընտրությունները մի թուղթ են տալու, որը որևէ իրավական հետևանքներ չի կարող ունենալ և որևէ պարտավորություն չի նշանակում։

Նախաստորագրել բառը հերթական անգամ գլուխ արդուկելու տերմինոլոգիա է, որի տակ ոչինչ չկա։ Իրեն հարգող մարդը չի կարող այդ տերմինաբանությունը լուրջ ընտրել։ Եվ ուրեմն բանակցային կուլիսներում հիմա քննարկվում է այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որը ենթադրում է դեռ մի քանի պայմանների կատարում, որը, ադրբեջանցիների ասելով, չեն անելու, մինչև չլինեն սահմանադրական փոփոխություններ, մինչև չլուծարվի Մինսկի խումբը, բայց ենթադրում եմ՝ կապված որոշակի ընտրական պրոցեսների հետ կարող են նախաստորագրվող մի թղթի կտոր տալ Հայաստանին՝ ընտրազանգվածի վրա ազդելու համար»,- նշել է նախագահը։