Նիկոլ Փաշինյանը Արցախի հայաթափման համար մեղադրեց ռուս խաղաղապահներին

17 Հոկտեմբերի 2023, 14:55

Քաղաքականություն

Քիչ առաջ Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ չնայած Հայաստանից արված բազմաթիվ ահազանգերի՝ միջազգային հանրությունը չկանխեց հայերի էթնիկ զտումներն Արցախում:

«Հայաստանի կառավարությունը, Եվրոպական խորհրդարանը բազմիցս ահազանգել է Լեռնային Ղարաբաղում մոտալուտ էթնիկ զտումների մասին: Հայաստանի կառավարությունը ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ապօրինաբար արգելափակված Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելական խումբ ուղարկելու բազմաթիվ կոչեր է հղել, բայց ոչ մի կառույց այդպես էլ որոշում չկայացրեց: ՄԱԿ-ի ԱԽ խորհրդում թեմային առնչվող երեք քննարկում ենք նախաձեռնել, բայց դրանք որեւէ գործնական արդյունք չունեցան եւ ահա Լեռնային Ղարաբաղը հայաթափված է»,- հայտարարեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը ռուս խաղաղապահներին մեղադրեց Արցախի հայաթափման համար:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին իրենց տներն ու բնօրրանը, եւս 20 հազարը ստիպված են եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետ, մի մասն էլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չեն ունեցել: Եվ այսօր ոմանք ձեւ են անում, թե չեն հասկանում՝ ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները: Նման հարցադրումը ցինիզմի է նման, որովհետեեւ պատասխանը հստակ է՝ Ադրբեջանը հստակ ի ցույց էր դրել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու իր որոշումը»,- ասաց Փաշինյանը:

Հիմա եթերում