Նիկոլ Փաշինյանը Արցախն իր տնից չի բերել, որ հանձնի. արցախցի
31 Օգոստոսի 2023, 14:37
Հայաստանի իշխանությունները խախտում են Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին, որի մանդատը չունեն: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտենց կառավարության դիմաց ակցիա անող արցախցի Արեգա Հովսեփյանը, որը մի խումբ կանանց հետ Հայաստանի իշխանություններից պահանջում է Արցախը չհանձնել Ադրբեջանին:
«Իշխանությունը խախտում է իր նախընտրական ծրագիրը, մարդիկ իրենց խամբված են զգում, եկել ենք նրանց ասենք, որ չունեն այդ ամենն անելու մանդատը: Նիկոլ Փաշինյանը Արցախն իր տնից չի բերել, որ հանձնի: Արցախցիներն այսօր միայնակ են պայքարում ամբողջ աշխարհում: Այս իրավիճակը ստեղծվել է Արցախում զուտ այն պատճառով, որ Հայաստանը լքել է Արցախին»,- ընդգծեց Արեգա Հովսեփյանը:
Արեգան արցախցի է, նա պատերազմից առաջ էր Հայաստան տեղափոխվել, բայց ընտանիքն այժմ շրջափակված Արցախում է: Նա դեմ է Ստեփանակերտ-Ակնա ճանապարհի գործարկմանը, որն առաջարկում է Ադրբեջանը:
«Այո՛, մարդիկ իրոք հացի խնդիր ունեն, ալյուրը մի քանի մետր այն կողմ է, բայց մարդիկ չեն ընդունում Ադրբեջանի «օգնությունը»: Դա կարմիր գիծ է: Ակնայի ճանապարհը թո՛ղ մեզ չառաջարկեն՝ որպես այլընտրանք: Ստեփանակերտն առաջին անգամը չէ, որ շրջափակման մեջ է, ինչո՞ւ ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, որ 90-ականներին մեզ Ակնայի տարբերակը չէին առաջարկում, որովհետեւ այն ժամանակ հարցը քաղաքական էր, մենք հարցը միայն հումանիտար դաշտ չէինք տանում:
Իսկ հիմա, ամբողջ բլոկադայի ընթացքում իշխանությունների կողմից հարցը քննարկվում էր բացառապես հումանիտար դաշտում, այնինչ հարցն առաջացել է ռազամաքաղաքական դիվանագիտական դաշտում տապալումների հետեւանքով: Այս պայքարը հացի խնդիր չէ, մարդիկ անվտանգություն, կարգավիճակ են ուզում»,- հավելեց Արեգա Հովսեփյանը:
Հիշեցնենք՝ կառավարության նիստին ընդառաջ` «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն ու այլ քաղաքացիներ Արցախն Ադրբեջանին չհանձնելու պահանջով ակցիա են իրականացրել գործադիրի շենքի դիմաց: