Նիկոլ Փաշինյանը դարձել է խամաճիկ իր տիկնիկավարների ձեռքին և գործիք՝ պրոքսի պատերազմում. Բենոն Սևան

21 Հունիսի 2024, 18:03

Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները քայքայում են հայկական սփյուռքի հետ հարաբերությունները: Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Նիկոսիայի համալսարանում կայացած «Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները» սեմինարին Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ելույթը։

«Նրանք քանդում են երկիրը և հայկական սփյուռքի հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Սևանը, որը կիպրահայ է։

«Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում և աշխատում, քան Հայաստանում, և նրանք զգալի ֆինանսական ներդրում ունեն իրենց պատմական հայրենիքի զարգացման գործում: Սակայն Հայաստանի վարչապետն անգամ արտերկրից հայտնի հայ գործիչներին թույլ չի տալիս մուտք գործել երկիր, քանի որ նրանք քննադատում են իր ռեժիմը։ Հայաստանի կառավարության ղեկավարը դարձել է իր տիկնիկավարների խամաճիկը և գործիք՝ պրոքսի պատերազմում»,- ընդգծել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի տեղակալը։

Ի պատասխան Մկրտչյանի այն պնդումների, թե Երևանն Արևմուտքում իր պաշտպանունակության ամրապնդման հնարավորություններ է փնտրում այն պատճառով, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իբր երես են թեքել Հայաստանից Ղարաբաղում Ադրբեջանի զինված գործողությունների ժամանակ, Սևանը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը այդ զինված հակամարտությունից շատ առաջ: Նա նաև նշել է՝ Փաշինյանն ինքն է ընդունել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և այս առումով անհասկանալի է, թե ինչու էր Երևանն ակնկալում, որ Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ-ը միջամտեն ինքնիշխան պետության ներքին գործերին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը նաև ցավակցություն է հայտնել ՀՀ դեսպանին, քանի որ ստիպված է ներկայացնել մի երկիր, որը չունի հետևողական միջազգային քաղաքականություն:

Հիմա եթերում