Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ
07 Նոյեմբերի 2024, 22:37
Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Նա մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում շփվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: