Նիկոլը փրկում է ադրբեջանցիների կյանքերը. Տիգրան Քոչարյան

27 Հունվարի 2024, 18:42

Կարծիք | Քաղաքականություն

Փաշինյանը մեզ ասում էր, որ փրկել է շրջափակման մեջ հայտնված 25 հազար հայ զինվորների, բայց իրականում նա փրկել է ադրբեջանցի զինվորների կյանքը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Նիկոլ Փաշինյանն անընդհատ փրկում է ադրբեջանցի զինվորների կյանքը։ Մի անգամ փրկեց, երբ գրիչի մեկ հարվածով հանձնեց Քարվաճառը, Քաշաթաղը, և նույն Իլհամ Ալիևը ասաց, որ բավականին շատ զոհեր կունենայինք, եթե պատերազմը շարունակվեր այնտեղ։ Փաշինյանը մեզ ասում էր, որ փրկել է շրջափակման մեջ հայտնված 25 հազար հայ զինվորների, բայց իրականում նա փրկել է ադրբեջանցի զինվորների կյանքը։ Այնուհետև, սեպտեմբերի 19-20-ին, երբ Փաշինյանը հրաժարվեց պաշտպանել Արցախն ադրբեջանական ագրեսիայից, ևս մեկ անգամ փրկեց ադրբեջանական կյանքեր։ Բոլոր փորձագետներն ասում են, եթե Հայաստանն ինչ-որ ձևով, ինչ-որ չափով օգներ Արցախի պաշտպանության բանակին, ապա Ադրբեջանն ավելի շատ զոհեր կունենար, քան այդ երկու օրը։ Ընդ որում՝ խոսքը գնում է միայն ՊԲ-ի միջոցներով մոտ 2000 սպանված ադրբեջանցի զինվորի մասին։ Այդ անգամ էլ Փաշինյանը որոշեց փրկել ադրբեջանցիների կյանքերը։

Բազմաթիվ անգամներ ադրբեջանցիները փրկվել են, երբ որոշել են հարձակվել Հայաստանի վրա, իսկ մեր զինվորներին տրված էր չկրակելու հրաման։ Այսօր Փաշինյանը հերթական անգամ փրկում է ադրբեջանցիների կյանքերը, քանի որ տալիս է այն ճշգրտված քարտեզները, որոնք կօգնեն ադրբեջանցիներին խուսափել զոհերից, երբ կշարունակեն օկուպացնել Արցախի տարածքները։ Փաշինյանը նման հումանիստական քայլով փրկեց հարյուրավոր ադրբեջանցի զինվորների կյանքեր՝ խրախուսելով Արցախի օկուպացիան, որովհետև եթե ադրբեջանցիներն իմանան, որ ամեն ինչ հանգիստ է, կարելի է վարուցան անել, ավելի հաճույքով կգնան այնտեղ ապրելու։ Հիմա ականների ներկայությունը արցախյան հողում հետ է պահում Արցախը օկուպացնելուց։ Փաշինյանն այսօր շարժվում է «փրկենք կյանքեր» կարգախոսով, բայց, ցավոք, դա ադրբեջանցիների կյանքն է, ոչ թե հայերի»,- նշել է Քոչարյանը։

Նա ընդգծում է, եթե այսօր Ադրբեջանն արցախյան տարածքներում ռազմաբազաներ հիմնի, ապագայում մեզ համար ավելի դժվար է լինելու կորցրածը ետ բերել։

«Մենք՝ Արցախի կորուստը ծանր տանող մարդիկս, միտված ենք այն մտքին, որ արցախցիները պետք է վերադառնան և այնտեղ կազմեն առնվազն այն պետությունը, որը եղել է մինչ այդ, և այնտեղ մեծ դեր է խաղալու նաև Արցախի ՊԲ-ն։ Եթե թողնում ենք, որ ադրբեջանցիները այդ ականապատված տարածքներում ռազմաբազաներ հիմնեն, ապա մեզ ավելի շատ դժվար կլինի հետ բերել կորցրածը։ Մենք ավելի շատ զոհեր ենք ունենալու ապագայում, եթե ադրբեջանական ռազմուժը բազաներ ունենա, մարզվելու ճամբարներ ունենա և այլն։ Այս քայլով Նիկոլ Փաշինյանը նաև ապագա զոհերի քանակն է ավելացնելու, բայց, ցավոք, արդեն հայկական կողմից»,- եզրափակել է Քոչարյանը։