Նկարիչ Արբի Քեշիշյանի ցուցահանդեսը «Շէյդայի» ցուցասրահում

20 Մայիսի 2023, 22:00

Մշակույթ

Ուրբաթ, մայիսի 19-ին Թեհրանի «Շէյդայի» ցուցասրահում բացումը կատարւեց երիտասարդ նկարիչ Արբի Քեշիշեանի «Թարսւած յիշողութիւններ» ցուցահանդէս-վաճառքի:

Շուրջ 30 գեղանկար, էքզիստենցիալիստական մի յայտարարութիւն, եւ ժպտադէմ՝ կլոր ակնոցներով Արբին: Առանց մէկի, միւս երկուսը կարծես անիմաստ են դառնալու, քանի որ, ինչպէս ինքը Արբին է ասում շրջանակներում ինքն է, միայնակ ու բոլոր նկարներում դեղին ականջօղով նոյն կնոջ կերպարն է նոյն սեղանին, սառչող սուրճի գաւաթն էլ դէմը…իհարկէ սա ոչ մի տեղ նշւած չէ, հարցնես՝ կասի: Այստեղ էլ յիշելու ես, որ արւեստում նախապատւութիւնը գեղեցկութեանն է, ոչ թէ իմաստինը:

Արբին սովորել է Երեւանի Գեղարւեստի պետական ակադեմիայում, իսկ նկարչի անցեալի իր զրօ կէտը հաշւում է նոյն օրւանից, երբ 18 տարի առաջ, որպէս ուսանող ընդունւեց այնտեղ: Հարցին թէ սա քանիերորդ անհատական ցուցահանդէսն է,- պատասխանում է շատ են, բայց ոնց որ ամէն անգամ առաջին հանդիպման պէս լինի:

«Որեւէ տեսարանի, պատկերի, մեղեդու կամ իրադարձութեան հետ հանդիպելիս դրա վրայ նոր բան ցողած լինես կարծես, այնպէս, որ դրանով փոշու պէս ծածկում ես ամբողջ տեսարանը, ու այլեւս այն չես ընկալում որպէս առաջին հանդիպում: Այն դառնում է կրկնւող պատկեր: Ու այդ կապանքից ազատւելու համար է, որ ուզում ենք շեղել կենտրոնացումը ու դուրս գալ այդ թակարդից ու թարմութիւն շնչել»,- Սարտրի «Փսխանք»-ը յիշեցնող յայտարարութեան մէջ նշել է Արբի Քեշիշեանը, չնայած յայտարարութեան մէջ հեղինակը խօսքն աւարտում է Սուրէն Կիերկեգորից վարկ վերցրած մտքով. «Այս ցուցահանդէսը առօրեան ու կրկնութիւնները առաջին անգամւայ պէս ապրելն ու ապրեցնելն է, շուռ տւած յիշողութիւնների պէս»:

Ցուցահանդէսը տեւելու է 20 օր, Իրանի «Լուսանկարչական տուն-թանգարանի» (Հիւսիսային Բահար) հարեւանութեանը գտնւող «Շէյդայի» ցուցասրահում: