Նման այցը լավ չէ. Ալեքսեյ Լեոնկովը՝ Դեյվիդ Քոհենի Հայաստան կատարած այցի մասին

23 Մայիսի 2024, 00:32

Քաղաքականություն

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի Հայաստան այցի հնարավոր պատճառներին ու հետևանքներին։

«Նա առաջին հերթին ժամանել է որոշակի խորհրդակցության կամ տեղեկատվություն ստանալու համար, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում: Հասկանալի է, որ, ամենայն հավանականությամբ, նրա խորհրդատվական հնարավորություններն են՝ օգտագործել այն ուժերը, որոնք Հայաստանում են գտնվում ամերիկյան դեսպանատան հսկողության քողի տակ և այլն, աջակցել իշխանություններին, որպեսզի այս բողոքի ակցիաները չավարտվեն այն արդյունքով, որը պետք չէ Ամերիկայի Միացյալ Նահանգներին»,- ասել է Լեոնկովը։

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանում գործող ռեժիմի պահպանմամբ և բոլոր ուժերով ցանկանում է պահպանել Հայաստանի վարչապետի իշխանությունը:

«Երբ Կենտրոնական հետախուզական վարչությունից նման խոշոր գործիչ է գալիս, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Հնարավոր է, որ հանձնարարականներ տրվեն որոշակի գործողությունների վերաբերյալ, գուցե ոչ մահաբեր զինատեսակների կամ այլ բաների կիրառմամբ, կամ գուցե նույնիսկ այնպիսի զենքի մատակարարումների շուրջ համաձայնություններ լինեն, որոնք ցրում են ցույցերը։ Ամերիկացիները զենքի նման միջոցներ ունեն։ Դրանք ձայնային, լուսային էֆեկտներ ունեն, որոնք հաջողությամբ օգտագործել են Աֆղանստանում և Իրաքում։ Գուցե նույնիսկ սա քննարկվի։

Իսկ Հայաստանի ոստիկանությանը նման տեխնիկա մատակարարելու արձագանքը կարող է բավականին արագ լինել։ Այսինքն՝ կարող են արագ մատակարարել։ Կամ գուցե խորհրդակցություններ լինեն հետագա քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկի Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանից Հայաստանի անջատման և հավաքական Արևմուտքի ուժերի կողմից ինտեգրման գործընթացն արագացնելու համար»,- ասել է Alpha News-ի զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ամերիկացի պաշտոնյայի՝ Հայաստան կատարած այցի ձևաչափին, Ալեքսեյ Լեոնկովը վստահություն է հայտնել, որ անձնական ներկայությունը կարևոր բանակցությունների գաղտնիության երաշխիք է, հետևաբար բանակցությունների այլընտրանքային գործիքները հարմար չեն։

«Երբ տիրոջ ներկայացուցիչը ժամանում է, նա սովորաբար տեղյակ է պահում, թե ինչ գործողություններ պետք է անի կամ չանի։ Սա չի վստահվում տեղեկատվության բաց աղբյուրներին, փոստին, հեռախոսային հաղորդակցությանը, որովհետև եթե այդ առաջարկությունները ձախողվեն, մեղքը կատարողի վրա է, եթե հաջողվի, գուցե տերը կպարգևատրի նրան»,- եզրափակել է Լեոնկովը: