Նման քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանը կդադարի գոյություն ունենալ. Սեմյոն Բաղդասարով

23 Դեկտեմբերի 2023, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

Հայ-ռուսական հարաբերությունները գալիք տարում կվատթարանան, քանի որ Ռուսաստանում էլ արդեն կա ըմբռնում, որ վարչապետ Փաշինյանն արևմտյան երկրների օգնությամբ «Հայաստանը տանում է դեպի անդունդ»: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։

«Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ապա այդ հարաբերությունները կվատթարանան։ Կարծում եմ՝ այստեղ արդեն կա ըմբռնում (վերջապես՝ Փաշինյանի կառավարման 6-րդ տարում), որ մարդը Հայաստանը տանում է դեպի անդունդ՝ հենվելով արևմտյան երկրների վրա։ Ես դեմ չեմ դեպի արևմուտք կողմնորոշմանը, բայց միշտ հարց եմ տալիս՝ իսկ Հայաստանն ընդհանրապես հասկանում է, թե ով կարող է օգնության գալ, եթե ինչ-որ բան պատահի։ Այո՛, ոչ ոք», — ասել է նա։

Բաղդասարովի խոսքով՝ Հայաստանի համար այժմ թիվ մեկ խնդիրը ոչ թե «խաղաղության խաչմերուկն» է, այլ գործունակ զինված ուժերի ստեղծումը, համապատասխան սպառազինության ձեռքբերումը և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ուշադիր ուսումնասիրությունը:

«Ինչո՞ւ է փոքր «ՀԱՄԱՍ»-ն այդքան հաջողությամբ դիմադրում իսրայելական հզոր բանակին։ Ինչո՞ւ Հեզբոլլահը չի վախենում Իսրայելից, Հայաստանում նման ռազմական պրոֆեսիոնալներ կա՞ն։ Սա է հարցը: Հայկական սփյուռքն աշխարհում շատ մեծ է, կարելի է գտնել, ներգրավել, ուսումնասիրել, ներդնել: Այ սրանով պետք է զբաղվել, այլ ոչ թե «Նյու Վասյուկներով»։ Նման քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանը ոչ միայն կդադարի գոյություն ունենալ, այլև չի լինի ոչ հայկական եկեղեցի, ոչ էլ նրա կենտրոնը Էջմիածնում», — եզրափակեց փորձագետը։