Նոր չափորոշիչներից հետո կրթության համակարգում կոլապս ենք ունենալու. կրթության փորձագետ
31 Օգոստոսի 2023, 20:07
Հանրակրթության ոլորտի նոր չափորոշիչները կազմվել են իշխանությունների գաղափարախոսական հենքի վրա: Կառավարությունը ԿԳՄՍ-ի միջոցով պետական գիտահետազոտական ինստիտուտներին պատվեր իջեցնելու փոխարեն, ինքն է խառնվել ամբողջ գործընթացին: Alpha News-ի հետ զրույցում կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանն ահազանգում է՝ կառավարությունը, չլինելով ոլորտի մասնագետ, ինքն է իրականցնում է մասնագիտական գործընթացները, դեռ ավելին՝ դրանք չեն համապատասխանում արդեն իսկ մշակված մեխանիզմներին:
«Գործադիրը կազմում է փորձագիտական խմբեր, մասնագետներն էլ կազմում են չափորոշիչներ, բայց չկա վերահսկողական մի կառույց, որտեղ այդ չափորոշիչները կանցնեն մանկավարժական, հոգեբանական, մեթոդական վերահսկողություն»,-արձանագրում է Դավթյանը:
Նոր չափորոշիչները մոդելավորելիս, ըստ նրա, պետք էր հաշվի առնել ազգային և մշակութային առանձնահատկությունները, ինչը չի արվել: «Գործադիրը շատ նրբությունների մասին պատկերացում չունի, մասնագետների հետ չեն խորհրդակցում, իսկ խորհրդակցելուց էլ, հավանաբար, իրենց ուզածն են պարտադրում: Համենայն դեպս, ինստիտուցիոնալ ֆունկցիան կատարում է գործադիր մարմինը, ինչը կառավարման լուրջ խնդիր է»,- նշում է Արմինե Դավթյանը: Ըստ նրա՝ կրթական չափորոշիչները փոխելու անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կար:
Անդրադառնալով նոր չափորոշիչներին համապատասխան դպրոցական դասագրքերին, որոնք այս տարի ներդրվելու են միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, կրթության փորձագետը նշում է, որ գործընթացն իրականացվում է շատ դանդաղ: Անգամ շատ դասագրքեր ուսումնական տարվա մեկնարկից միայն շաբաթներ անց են հասնելու աշակերտներին: Նա անգամ կասակածում է, որ 6-րդ դասարանի դասագրքերը մյուս տարի արդեն պատրաստ են լինելու:
Արմինե Դավթյանը նշում է, որ նոր դասագրքերից մի քանիսի բովանդակությանն ինքն անձամբ է ծանոթացել: «Ես մի քանի դասագիրք կարդացի, ու հասկացա որ կորցրել ենք հարցի շուրջ գիտական մոտեցումը:
Ի՞նչ է նշանակում մաթեմատիկայի դասագրքում մտցնել կերպարներ՝ «դոդո», «ադի-բուդի», «բուդի», երբ որ կրթության չափորոշիչում արժեհամակարգ ձևավորելու նպատակ ենք դրել»,- ասում է Դավթյանը:
Նա ընդգծում է՝ դասագրքերի փորձաքննությունից հետո կատարված փոփոխությունների որևէ դեպք իրեն հայտնի չէ: Փորձագետի համար տարօրինակ է, որ մի տարիքում երեխան անցնելու է հին չափորոշիչներով մշակված դասագրքով, իսկ հաջորդ տարի արդեն նորով: Նա կարևորում է, որ փոփոխությունները լինեին սահուն և սկսվեին հենց առաջին դասարանից: Նրա խոսքով կրթության ոլորտի նոր չափորոշիչներով պետությունը քննադատական մտածողություն է փորձում զարգացնել մի տարիքում, որտեղ պետք է դրվեին մտածելակերպի այլ ֆունկցիոնալ նախադրյալներ:
Արմինե Դավթյանի խոսքով՝ նոր դասագրքերը չափից ավելի հագեցած են տեքստերով, որը երեխային վանում է: Դրանք պետք է հագեցած լինեին նաև պատկերներով, ինչը երեխաները սիրում են: «Աչքի նեյրոհոգեբանական պահանջները հաշվի չեն առնված: Հիմա մենք ամեն ինչը վերածել ենք տեքստի: Երեխան չի վերցնում այդ դասագիրքը»:
Արմինե Դավթյանի խոսքով՝ իր ուսանողներից մեկը որը պատմաբան է , ուսումնասիրում է պատմության նոր դասսագրքերը: «Ինքը ներկայացրեց, որ պատմության դասագրքում խեղաթյուրված են մեր ազգային պատմական տարբեր տեղեկությունները՝ աշխարհագրական, պատմական, կերպարային»: Արմինե Դավթյանը նշում է, որ դասագրքում ուրարտական ժամանակաշրջանին վերաբերող տվյալները ևս, առնվազն, թերի են:
«Սա կարող է մեր ազգային ինքնության և պատմական ակունքների վերաբերյալ տեղեկությունների զտման պրոցես լինել»,- ահազանգում է կրթության ոլորտի փորձագետը:
Արմինե Դավթյանը նշում է, որ ինքը լինելով հոգեբան-մանկավարժ, տեղեկացված չի եղել, որ նոր դասագրքեր են ստեղծվում:
«Ցանկացած նորամուծություն արվում է նախնական փորձարարական ինչ-որ մի փոքր հատվածում՝ հղկվում, մշակվում, մոնիթորինգ է արվում, և ապա նոր անցնում է մի քիչ ավելի մեծ դաշտ: Այդտեղ էլ նորից առկա խնդիրները դուրս են բերվում, հղկվում, մշակվում, նոր անցնում են համընդհանուր դաշտի»,- բացատրում է նա: Հիշեցնում՝ նոր չափորոշիչները սկզբում ներդրվել են Տավուշի մարզում, սահմանային գոտի, որտեղ խնդիրներն այլ են: Փորձագետի խոսքով՝ անվիճելիորեն կրթության ոլորտում դեռ ունենալու ենք կոլապս, որն արդեն իսկ երևում է: