Նոր Էջմիածին. Թբիլիսիում գործող միակ հայկական եկեղեցին
14 Հուլիսի 2023, 18:05
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
Վրաստանի մայրաքաղաքում գործող միակ հայկական Նոր Էջմիածին եկեղեցին կառուցվել է 1806-1809 թվականներին Վաղարշապատի վարպետների ձեռքով։ Շինարարությունը ֆինանսավորել են թբիլիսահայերը։ Տաճարը գտնվում է Թբիլիսիի շրջաններից մեկում, որը խիտ բնակեցված է հայերով՝ Հավլաբարում։
Նոր Էջմիածինը Վրաստանի այն հայկական եկեղեցիներից է, որը շարունակել է գործել խորհրդային տարիներին։ 1837 թվականին շենքը փայտե էր, այն ուղղանկյուն կառույց էր՝ առանց գմբեթի, փոքր զանգակատնով։
1845 թվականին կատարվել է ամբողջական վերակառուցում։ Եկեղեցին վերակառուցած վարպետների խոսքով՝ արժեքը կազմել է մոտ 20.000 ռուբլի։
1846 թվականին եկեղեցին ստացել է գմբեթավոր տաճարի տեսք։ Ավելի ուշ՝ 1898, 1912, 1944-45, 1983 թվականներին, եկեղեցին մասնակի վերանորոգվել է։ Վերջնական վերանորոգումն իրականացվել է 2006 թվականին։ 2011-ին Վրաստան կատարած այցի ժամանակ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերաբացել են նորոգված տաճարը: