Նոր իշխանությունը պետք է արգելի ՀՀ վարչապետին Արցախի դիրքորոշումից զատ այլ դիրքորոշում հայտնել. Մետաքսե Հակոբյան
31 Օգոստոսի 2023, 18:34
Եթե վաղը՝ սեպտեմբերի 1-ին, Արցախի նախագահը հրաժարական ներկայացնի, ինչի մասին նա հայտարարեց այսօր, ապա երեք օրվա ընթացքում խորհրդարանը պետք է ընդունի հրաժարականի դիմումը, ու եւս յոթ օր կպահանջվի, որպեսզի խմբակցությունները նախագահի թեկնածու առաջադրեն:
Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Alpha News-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի հրաժարականից հետո միայն կխոսեն նախագահի թեկնածու առաջադրելու մասին: Պատգամավորը թեեւ ուշացած համարեց նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, բայց ընդգծեց՝ դա հօգուտ Արցախի է լինելու:
«Արայիկ Հարությունյանը ճիշտ որոշում կայացրեց, իհարկե, այս որոշումը պետք է կայացված լիներ դեռ 44-օրյա պատերազմից հետո: Ճիշտ է՝ այս հրաժարականը ուշացած է, բայց դեռեւս ուշ չէ բեկում մտցնելու համար»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորն ակնկալում է, որ Արցախի նոր իշխանությունները կլինեն ուժեղ, կամային ու աշխատասեր, որպեսզի կարողանան Արցախն այս վիճակից հանել:
«Նոր իշխանությունները պետք է կամք դրսեւորեն, որ կարողանան դիմակայել ճնշումներին: Նրանց որոշումները պետք է արտահայտեն ժողովրդի կամքն ու ցանկությունները եւ ի վնաս նրա որոշում չկայացնեն: Արցախի նոր իշխանությունները նաեւ պետք է հստակ իրենց դիրքորոշումը ներկայացնեն Հայաստանի իշխանություններին՝ վարչապետին ու արգելեն, որ Արցախի դիրքորոշումից զատ այլ դիրքորոշում հայտնեն:
Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ եթե հակառակ գնան հայ ժողովրդի կամքին, իրենք եւս ամենաքիչը, որ պետք է անեն՝ հրաժարական ներկայացնելը պետք է լինի»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը:
Ավելի վաղ Alpha News-ը տեղեկացրել էր, որ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց՝ պատրաստվում է վաղը հրաժարական ներկայացնել: Նախագահը նշել էր, որ Արցախում եւ դրա շուրջ տեղի ունեցող երեւույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտը հուշում են, որ առկա է մոտեցումների, քայլերի փոփոխություն, ճկունություն դրսեւորելու անհրաժեշտություն ու դրա համար պետք է հիմնական դերակատարները փոխվեն, հետեւաբար ինքն առաջինն է հեռանում:
Արայիկ Հարությունյանն իր հրաժարականից առաջ Գուրգեն Ներսիսյանին ազատել է պետնախարարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակել ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ նրան տալով լայն լիազորություններ: Թե ինչ լիազորությունների մասին է խոսքը, առայժմ պարզ չէ: