Նոր կառավարությունը կլինի հաշտեցման կառավարություն․ Բագրատ Սրբազան
12 Մայիսի 2024, 21:03
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ներկայացրել է նոր կառավարության օրակարգը, ծրագրերը, սկզբունքները․
«Անցումային կառավարությունը պիտի դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտությամբ մարդկանցով, հնարավորություն տալով անկախ կուսակցական և այլ պատկանելիության մարդկանց ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ։ Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։
Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն ու ապահով, ոչ թե սրա-նրա քմահաճույքով պայմանավորված, ոչ թե հարազատների, բարեկամների լցոնումներով պայմանավորված։ Պետք է երաշխավորվեն ազատ ու արդար ընտրութունները գալիք կառավարության, մնայուն կառավարության համար։ Մինչև նոր ընտրությունները՝ չպետք է լինեն որևէ կերպով Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ, պետք է հանձնառու լինել շարունակել խաղաղ բանակցությունները»,- մանրամասնել է Բագրատ Սրբազանը։
Նա նաև անդրադարձել է արտաքին քաղաքականության ճիշտ վարմանը։
«Պետք է մերժվի հակա-ներով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալուց, զարգացնելով իր սեփական, հայկական օրակարգը բարեկամների փնտրտուքով, բայց ոչ երբեք հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ ապավինելով սեփական ժողովրդի ուժականությանը և կամքին։ Չճանաչել որևէ ուժով ձևավորված որևէ իրողություն, չլեգիտիմացնելով ուժի կիրառված իրողությունները, բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով՝ միջազգային իրավունքի ու արդարության սկզբունքի հիման վրա։
Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը՝ իր բոլոր ենթատեքստերով։ Մեր տարածաշրջանի ու հարևանների ստեղծած թշնամական իրադրությունը մեզ ստիպում է լինել ոչ «սովորական», այլ դառնալ հատուկ պետություն, որից պիտի բխեն բոլոր հայեցակարգային դրույքները՝ տարածված ողջ համակարգերի վրա»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը։
Սրբազանը հայրը հայ ազգի խեղճությունը համարել է նպատակներ չունենալու արդյունք։
«Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները, դիվանագետներ,զինվորականներ, պետական ծառայության մեջ գտնվող բոլոր անձինք, որոնք ինքնակամ հեռացել են կամ անարդարացիորեն հեռացվել են, նույնիսկ մեկ լայք դնելու պատճառով։
Պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերության համար՝ ներգրավելով սփյուռքյան բոլոր կարող ուժերը ՀՀ-ի և Սփյուռքի կյանքի զարգացման մեջ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին մակարդակով։ Մեր ուժականությունը շատ մեծ է, մենք նպատակներ չենք սահմանել՝ ներգրավելու բոլոր ուժերին։ Ինձ հարցնում են՝ ինչու ենք այսքան ուժեղ, բայց այսքան խեղճ․ դա նպատակի և օրակարգի բացակայությունն է»,- ընդգծել է Բագրատ Սրբազանը։
Նա նաև անդրադարձ է կատարել կառավարության կայացրած տարօրինակ որոշումներին՝ տրանսպորտի թանկացումից մինչև ակադեմիական քաղաքի ստեղծում։
«Հայաստանը հետպատերազմյան ապաքինման անհրաժեշտություն ունի․ հոգևոր ապաքինում, զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ՝ նոր ժամանակակից պետության կազմավորման ռազմավարության հայեցակարգով՝ սկսած չկեղտոտելուց մեր հայրենիքը, ուղղակի կենդանի աղբանոց չդարձնելով այն, մինչև ամենաքաղաքական, ռազմական խնդիրների արծարծումը։
Պետք է կասեցվի մի շարք վիճահարույց ծրագրերի իրականացումը, անհեթեթ ակադեմիական քաղաք կոչվածը, հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու՝ կառավարության N22,98 որոշումը, բանկային գաղտնիքը վերացնելու մասին կառավարության որոշումը, բազմաթիվ անհասկանալի ծրագրեր՝ սկսած տրանսպորտի գներից մինչև հրեշավոր այլ թանկացումներ»,- թվարկել է արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նոր, ձևավորվող կառավարության հիմքում տեսնում է նաև բանտերից այն մարդկանց ազատումը, որ այնտեղ են հայտնվել իրենց քաղաքական կողմնորոշման համար։
«Պետք է բանտերից ազատ արձակվեն քաղաքական հայացքի պատճառով բոլոր բանտարկվածները, ինչպես նաև ամբողջ ջանքը ներդրվի Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության, գերեվարված տղաների ազատ արձակելուն»,- ընդգծել է Բագրատ Սրբազանը։
Նա իր խոսքը եզրափակել է հետևյալ կերպ՝ հոգևոր Հայաստանը պիտի հաղթի «թազա» Հայաստանին։