Մարատ Սևոյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
29 Մայիսի 2025, 11:41
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Ավելի վաղ Alpha News-ը հայտնել էր, որ «Հանրապետություն» կուսակցության ներսում նոր թեկնածուն Մարատ Սևոյանն է, ով նաև Երկրապահ կամավորականների միության անդամ է:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետութուն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Չախոյանին բերման են ենթարկել, ապա ոստիկանական բաժանմունքից տեղափոխել հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չախոյանը հայտարարել է մանկապարտեզի շինարարության հետ կապված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին։ Միջադեպին արձագանքել է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:
Արդեն ավելի ուշ՝ մայիսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնեց լիազորությունները դադարեցնելու մասին: