Նորիլսկում բացվել է «Ճանապարհ դեպի Սանահին․ մի մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսը

12 Մայիսի 2024, 13:32

Մշակույթ

Նորիլսկ քաղաքի թանգարանում բացվել է «Ճանապարհ դեպի Սանահին․ մի մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսը։ Մանկատան պատմությունը ներկայացվել է Լենինգրադի պաշտպանության և շրջափակման պետական հուշահամալիրի թանգարանում պահվող նյութերի հիման վրա։

Ցուցահանդեսը հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել 1941-1942 թվականներին Լենինգրադի շրջափակումից դուրս բերված թիվ 51 մանկատան սաների հետ: Տարհանման դեպքերը նկարագրել է հաստատության տնօրեն Խանա Ալեքսանդրովնա Գերշենոկը։ 1942 թվականին երեխաներին տարհանել են Լադոգա լճի սառույցի վրայով՝ ֆաշիստների կրակի տակ։

Ցուցահանդեսի այցելուները կհայտնվեն պաշարված մանկապարտեզում, Լադոգա լճի սառույցի վրա, գնացքի վագոնում և օկուպացված Կրասնոդարի շրջանից երեխաներին տեղափոխող նավի վրա, կտեսնեն ժամանակակից Սանահինի կադրերը՝ երեխաների տարհանման վերջնական կետը և կլսեն այս իրադարձությունների ականատեսների ձայները։ Ցուցահանդեսի առանցքային ցուցանմուշը մանկատան սաների և անձնակազմի պատմական լուսանկարն է, որոնք անցել են այդ դժվարին փորձությունները պատերազմի սարսափելի տարիներին։