Նույնիսկ ահռելի վարչական ռեսուրս օգտագործելով՝ ՔՊ-ին չհաջողվեց հավաքել ձայների 50 տոկոսը. Տիգրան Քոչարյան
17 Նոյեմբերի 2025, 15:50
Սևակ Խաչատրյանը, չունենալով վարչական ռեսուրս և լծակներ, կարողացել է Էջմիածնում հավաքել նույնքան ձայն, որքան պետական ռեսուրսով հավաքել է Արգիշտի Մեխակյանը: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին:
«Չի կարելի ասել, որ ընդդիմությունը խայտառակ պարտություն է կրել, չի էլ կարելի ասել՝ իշխանությունը ջախջախիչ հաղթանակ է տարել»,- նշել է նա:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ աննախադեպ վարչական ռեսուրս է կիրառվել. «Օգտագործելով ահռելի վարչական ռեսուրս և լծակներ, ՔՊ-ն չկարողացավ հավաքել ձայների նույնիսկ 50 տոկոսը»:
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ խնդիրներն են ազդում մարդկանց քաղաքական ընտրության վրա, Տիգրան Քոչարյանն ասել է. «Դեռ 2018-ին Փաշինյանը եկավ այն կարգախոսով, որ ժողովուրդը տուգանքի «մատերիալ» չէ, իսկ հիմա տուգանում են հնարավոր բոլոր ուղղություններով: Սպասելիքները Փաշինյանից չարդարացան, նա խաբեց ժողովրդին: Եվ եթե այդ ուղղությամբ ընդդիմությունը կարողանա ճիշտ աշխատել, իշխանության կողմից բոլոր խաբված և հիասթափված մարդիկ մասնակցեն ընտրություններին և քվեարկեն ընդդիմադիր նոր ուժերի համար, կարծում եմ, ամեն ինչ կստացվի»:
Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, Alpha News-ի գլխավոր խմբագիրը կարծում է, որ պետք է սպասել Փաշինյանի հետագա գործողություններին, ով խոստանում է արագացնել Վեհափառի հրաժարականի հարցը և Վեհարանի գրավումը:
Ընդդիմադիր ուժերը, նրա խոսքով, պետք է լրջանան, վերախմբավորվեն՝ կանխելու Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու փորձերը:
Մանրամասները՝ տեսանյութում: