Նույնիսկ, եթե Պրահայում Աթաթուրքի արձանը կանգնեցվի, այն պղծվելու է. Իրժի Յուստ
12 Օգոստոսի 2023, 16:00
Չեխ լրագրող Իրժի Յուստը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է տեղեկությունը, որ Թուրքիան ցանկանում է Պրահայում տեղադրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը:
Փորձագետի կարծիքով՝ Պրահայում Աթաթուրքի արձանի տեղադրման հարցը շատ ակտիվ քննարկվում է։
«Աթաթուրքի արձանի տեղադրման հարցի ակտիվ քննարկումը պայմանավորված է նրանով, որ դա ոչ այնքան քաղաքական հարց է Չեխիայի համար, որքան հումանիտար։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրամիության մերձավոր գործընկերը, բայց եթե խոսենք հումանիտար և պատմական բաղադրիչի մասին, քաղաքային պատգամավորների մոտ հարցեր են առաջանում։ Նրանք մատնանշում են, որ Աթաթուրքը մասնակցություն է ունեցել Հայոց Ցեղասպանությանը, իսկ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հենց այդ պատճառով էլ կան մարդիկ, որոնք դեմ են Պրահայում նման հուշարձանի հայտնվելուն», — պարզաբանել է փորձագետը։
Նրա խոսքով՝ տեղի պատգամավորները հարցում են ուղարկել Չեխիայի ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանել, թե որքանով է նման հուշարձանի տեղադրումը համապատասխանում երկրի արտաքին քաղաքական շահերին։
«Կան հստակ նշաններ, որ նույնիսկ, եթե այդ հուշարձանը տեղադրվի, այն կարող է պղծվել։ Բացի այդ, դա կարող է հանգեցնել բողոքի ակցիաների, իսկ չեխ պաշտոնյաներին դա պետք չէ։ Չեխիայում բոլորը շատ լավ գիտեն, թե ժամանակին ինչ քաղաքական որոշումներ է կայացրել Աթաթուրքը»,- եզրափակել է Յուստը։