Նովոռոսիյսկում անցկացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառում

01 Հունիսի 2023, 16:10

Հայեր

Մայիսի 28-ին Նովոռոսիյսկ քաղաքի «Լույս» հայկական ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան և ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառում: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Տոնական համերգին մասնակցել են համայնքի ստեղծագործական խմբերը՝ «Կտոր մը երկինք» թատերական խմբակը (ղեկավար՝ Լաուրա Մարգարյան), «Ախթամար» (ղեկավար՝ Վիկտորյա Գյուրջիյան) , «Ուրարտու» (ղեկավար՝ Հասմիկ Սարգսյան) և «Էրեբունի» (ղեկավար՝ Քրիստինա Մխոյան) հայկական պարերի համույթները: Մեկ ամսից մի փոքր ավելի է, ինչ համայնքում բացվել է «Դորեմի» երաժշտական ստուդիան (ղեկավար՝ Նոնա Պետրոսյան), բայց նրա սաները փայլում էին համերգի ժամանակ։

Համերգային ծրագրի ավարտին տեղի է ունեցել համայնքի մի շարք անդամների հանդիսավոր պարգևատրում: «Լույս» հայկական ընկերության նախագահ Վլադիմիր Մխիթարյանը շնորհակալագրեր է հանձնել ուսուցիչներին, կոլեկտիվների ղեկավարներին, կանանց և երիտասարդական կոմիտեների անդամներին:

Միջոցառմանը ներկա էին և ներկաներին ողջունեցին նաև Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ-ի տարածաշրջանային բաժանմունքի փոխնախագահներ Գեորգի Պողոսովը և Աբրիկ Մանասյանը: