Նովոսիբիրսկի մարզի Կրասնոբսկ գյուղում գտել են Գեորգի Ֆրանգուլյանի մոնումենտալ ֆիգուրի գիպսե մակետը
02 Հոկտեմբերի 2023, 08:39
Նովոսիբիրսկի մարզի գիտական ինստիտուտի աշխատակիցները գույքագրման ժամանակ հայտնաբերել են մոնումենտալ ֆիգուրի գիպսե մակետը, որի հեղինակը հայտնի հայ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է: Կես դար անց կորած քանդակը կվերականգնվի։
Ժողովրդի շրջանում քանդակը հայտնի էր որպես «մտքի թռիչք»։ Սա Գեորգի Ֆրանգուլյանի քանդակներից առաջինն է, որը պետք է զարդարեր Կրասնոբսկը։ Այն պետք է լրացներ մոնումենտալ աշխատանքների շարքը։
Տեղադրման համար բավարար գումար չի եղել, և քանդակը ծածկել են պաշտպանիչ տաղավարով։ Մի քանի տարի անց հայտնաբերեցին, որ պղինձը գողացել են, մնացել է միայն կմախքը։ Այն ժամանակ չէին էլ կարող ենթադրել, որ կես դար անց կգտնեն կորած հուշարձանի գիպսե մակետը։
Ինստիտուտի ավագ սերունդը գիպսի բեկորներում ճանաչել է արվեստի գործը։ Նրանք հավաքել են ավերված մասերը և կապ հաստատել Մոսկվայում բնակվող հեղինակի հետ։