Նովոսիբիրսկում Հայ բժիշկների ասոցիացիա է ստեղծվել
19 Հունիսի 2024, 09:00
Նովոսիբիրսկի Սուրբ Աստվածածին եկեղեցում վանահայր Տեր Գրիգոր քահանա Բեկնազարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քաղաքի Հայ բժիշկների ասոցիացիայի առաջին ժողովը: Այս մասին հայտնում է armenianchurch.ru-ն:
Ողջունելով ներկաներին՝ Տեր Գրիգորը Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի անունից մասնակիցներին փոխանցել է իր օրհնության խոսքն ու բարեմաղթանքները և կարևորել բուժաշխատողների համայնքի ձևավորումը, որը կկարողանա իր շուրջ համախմբել հայազգի բոլոր բժիշկներին:
Համայնքի նպատակը եկեղեցու ծխականներին, համայնքի անդամներին և բժշկական ուսանողներին որակյալ ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ օգնության տրամադրումն է, ինչպես նաև բժշկական հովանավորությունը, խորհրդատվական-ախտորոշիչ ամբուլատոր օգնությունը, ստացիոնար հետազոտումն ու բուժումը պետական կլինիկական հիվանդանոցներում, Նովոսիբիրսկի հայկական եկեղեցուն կից բարեգործական և սոցիալ-բժշկական օգնության վերածնունդը: