Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախը պահելու հնարավորություն էր․ Ռոբերտ Քոչարյան

09 Նոյեմբերի 2025, 21:15

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք»-ի հետ զրույցում խոսել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված և 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի մասին։

Նախագահի խոսքով՝ ոչ մի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին չի ասել չեղարկել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, քանի որ հասկանում էին՝ այն արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորը հասկանում էին, որ սա նաև Արցախը պահելու հնարավորություն է։

«Այն ժամանակ պետք էր կարճել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչվի։ Եթե վերցնեք 9-րդ կետը այդ փաստաթղթի, որը խոսում է անխոչընդոտ ճանապարհի մասին, և համեմատեք այն Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ, կտեսնենք, որ բովանդակությամբ այն նույնն է, ուղղակի մի տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, այն ժամանակ կար Լաչինի միջանցք, և այդ 9-րդ կետը մտցված էր հենց Լաչինի միջանցքի հետ որոշակի սիմետրիա ունենալու տեսանկյունից»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր 9-րդ կետի կատարումից, և այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակվեց և ավարտվեց ամեն ինչ Արցախի կորուստով։

«Եվ հիմա Վաշինգտոնում կայացված նույնատիպ որոշումը, մոտեցումը ներկայացնում է որպես դարակազմիկ որոշում։ Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում, չկա Արցախը, չկա Լաչինի միջանցքը, չոր մնացորդը սա է»,- եզրափակել է նախագահը։

Հիմա եթերում