Փաշինյանի անիմաստ հայտարարությունները ստեղծում են վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա. Լեմկինի ինստիտուտ

30 Հունվարի 2025, 16:27

Քաղաքականություն

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ, որոնցում վերջինս կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը:

«Վտանգելով մեղադրվել «դաշնակցական» կազմակերպության անդամ լինելու, Ռուսաստանից գումար ստանալու և որոշ հայերի, մասնավորապես, Զորյան ինստիտուտի կողմից «կեղծ լուրեր» տարածելու մեջ, որը անցյալ տարի պահանջում էր ներողություն խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից այն ենթադրությունից հետո, որ նա զբաղվում է Հայոց ցեղասպանության գաղտնի ժխտմամբ, Լեմկինի ինստիտուտը կրկին ուշադրություն է հրավիրում Հայոց ցեղասպանության մասին վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունների վրա, որոնք ավելի ու ավելի են կրկնում թուրքական նարատիվները:

Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի, հայ գիտնականների կողմից իրականացված տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում են Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ վերջերս իրականացված ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում:

Հուսով ենք, որ ՀՀ վարչապետը կպարզաբանի իր հայտարարությունների էությունը և կփորձի կանխել իր հայտարարությունների հետագա համընկնումը Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների հետ: Մենք շարունակելու ենք պաշտպանել Հայաստանի ինքնիշխանության և հատկապես երկրի սահմանների միջազգային պաշտպանության ուժեղացումը», — ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։