«Նռան գույնը» պարային ներկայացումը՝ ֆրանսիական Դեսինում

14 Հունվարի 2024, 14:02

Մշակույթ

Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում կայանալիք «Նռան գույնը» պարային ներկայացմամբ հունվարի 19-ին Ֆրանսիայում կմեկնարկի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս մասին հայտնում է orer.eu կայքը։

«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակն է Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին։

Ներկայացման գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։

Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը և Սերգեյ Փարաջանովի թանգարանը՝ Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության և Դեսինի քաղաքապետարանի հետ համատեղ, կազմակերպել են Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որում ներկայացված են արտիստի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները և այլն: Ցուցահանդեսը կգործի Տոբոգան թատրոնում հունվարի 12-ից փետրվարի 4-ը: Ներկայացման առաջնախաղի օրը՝ հունվարի 19-ին, տեղի կունենա ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ: