Նստացույցը շարունակվելու է, «Գոյ»-ը պետք է դառնա անկախ թատրոն․ Սարգիս Արզումանյան
Նիկոլ Փաշինյանին ուղարկել ենք փաթեթ, ըստ որի, «Գոյ» թատրոնը պետք է դառնա անկախ թատրոն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։
«Նստացուցի առաջարկը եղել է իմ կողմից։ Ես վարչապետին և ԿԳՄՍ նախարարին ուղարկել եմ մի փաթեթ։ Նիկոլ Փաշինյանին ուղարկված փաթեթում կա ծրագիր, ըստ որի, «Գոյ»-ը պետք է դառնա անկախ թատրոն, ինչպես նաև ստորագրահավաք է կատարվել մշակութային գործիչների կողմից։ Խոսելով ԿԳՄՍ նախարարությանն ուղարկված փաթեթի մասին՝ նախ նշեմ, որ օրեր առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը մի հայտարարություն արեց՝ ասելով, թե իրենք առաջարկել են, որ «Գոյ»-ը անկախ լինի, բայց թատրոնը մերժել է։ Ուզում եմ ընդգծել, որ նման բան չի եղել, և ես դա վերջերս ապացուցի։ Ընդհակառակը՝ նախարարությանը մենք ենք առաջարկել, որ լինենք անկախ, բայց իրենք մերժել են։ Բայց այս ամենը մենք անցյալում թողեցինք ու կրկին այդ առաջարկն արեցինք։ Իսկ նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հակառակ կողմերից ստանանք այդ դրական պատասխանը»,- ասել է Արզումանյանը։
Խոսելով մեկ ամիս թատրոններ չայցելելու կոչի մասին՝ նա ասաց․
«Մենք հանրությանն առաջարկել ենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում չայցելել թատրոններ, որ հասարակական ճնշում գործադրենք։ Սա բողոքի ակցիա է, ինչը շատ նորմալ է։ Այդ տարբերակով մեր գործընկերները կզգան, թե ինչ է զգում «Գոյ» թատրոնը, երբ չի կարողանում ստեղծագործել և չունի հանդիսատես։ Այս առաջարկն ընդամենը հանրային պահանջ ձևավորելու միջոց է»,- եզրափակեց Արզումանյանը։