Նստիր-գնանք, քո աչքով տես, թե ինչ են արել ծնողներդ. Փաշինյանի որդուն փորձել են Եռաբլուր տանել

17 Մայիսի 2023, 17:25

Կարծիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգել են: Նա վնասվածք է ստացել: Այս մասին առաջինը գրեց վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը: Թերթի հրապարակման համաձայն՝ այսօր 15:00-ի սահմաններում, Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

Ըստ «Հայկական ժամանակի», Աշոտ Փաշինյանի առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են: Առևանգման մասնակիցների թվում մասնավորապես հիշատակվել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի անունը:

Թերթի տեղեկություններով, կազմակերպության անդամները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել:

Աշոտ Փաշինյանին այդ պահին վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Վնասվել է նրա ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Փաշինյանը դիմել է իրավապահներին:

Թերթի հրապարակումից հետո, տեղեկատվությունը նաև հաստատել են ոստիկանությունից, նշելով , որ ստացվել է հաղորդում, ձեռնարկվում են միջոցառումներ: Գործն ուղարկվելու է Քննչական կոմիտե:

Պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, հերքում է վարչապետի որդուն առևանգելու տեղեկությունը:

Նրա խոսքով Գարեգին Նժդեհում գտնվող վարչական դատարանից դուրս գալուց են հանդիպել Աշոտ Փաշինյանին։ Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է նրան, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», քո աչքով տեսնեն թե ինչ են արել հայր ու մայրդ:

Գալեյանի խոսքով, Աշոտ Փաշինյանի նկատմամբ առանց որևէ բռնություն կիրառելու, նա ինքն է բացել մեքենայի դուռը և հանգիստ նստել:

Գալեյանն ընդգծում է՝ մեքենայի ընթացքի ժամանակ Աշոտ Փաշինյանը դուռը բացել է ու դուրս թռչել մեքենայից: Գարիկ Գալեյանի խոսքով, ինքը հազիվ է կարողացել արգելակել մեքենան, որ նա մեքենայի տակ չընկնի։

«Որդիների կանչ» կազմակերպության անդամ Գարիկ Գալեյանը պնդում է՝ միջադեպից հետո Աշոտ Փաշինյանն իր ոտքով է փախչել։

Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի, զոհվածների ծնողները («Որդիների կանչ» ՀԿ անդամները) դեպքի առիթով ձերբակալվել են: