Նվիրաբերությունը շարունակվել է, երբ դեսպանը հեռացել է. Հրագ Տերտերյանը` սկանդալային միջադեպի մասին

16 Հոկտեմբերի 2023, 22:01

Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում   Տորոնտոյում Արցախի հանձնախմբի ատենապետ Հրագ Տերտերյանը անդրադարձել է այսօրվա սկանդալին, երբ տեղի հայ երիտասարդները ՀՀ դեսպանին թույլ չեն տվել մտնել հայկական կենտրոն ու նվիրաբերություն կատարել։

«Այս երիտասարդների մեծ մասի ծնողները և բարեկամները կատարել են  իրենց նվիրատվությունը։ Այս երիտասարդները որևէ ճիգ չեն խնայել՝ կազմակերպելով տարբեր դրամահավաքներ՝ ապահովելու մեր հայրենակիցների բարեկեցությունը»,- ասել է մեր զրուցակիցը։

Նրա փոխանցմամբ՝ արգելվել է միայն դեսպանը մուտքը, մնացած բոլորը ազատ ելումուտ են ունեցել հայկական կենտրոն․

«Մենք սկզբից որևէ մեկին չենք խոչընդոտել, բացի դեսպանից։ Ոմանք ուզել են իրենց նվիրաբերվող գումարները հետ վերցնել՝ ասելով՝ չեն տա, եթե դեսպանը չմտնի ներս։ Այդ գումարները իրենք դեսպանին չէ, որ պետք է նվիրաբերեն, այլ արցախահայությանը։ Նվիրաբերությունը շարունակվել է, երբ դեսպանը հեռացել է։ Այն պետք է հասնի Արցախին»,- ասել է Հրագ Տերտերյանը։