Նյու Յորքի MOMA թանգարանում կցուցադրվեն Համո Բեկնազարյանի ֆիլմերը

13 Հունվարի 2024, 10:55

Մշակույթ

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի MOMA ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project». The 20th MOMA International Festival of Film Preservation շրջանակում հունվարի 28-ին և հունվարի 31-ին կցուցադրվեն հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի՝ «Տունը հրաբխի վրա» (1928թ.) և «Երկիր Նաիրի» (1930թ․) ֆիլմերը՝ 4К վերականգնված ձևաչափով: Այս մասին հայտնում է Ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմերը թվայնացրել և վերականգնել է կինոկենտրոնը:

Նման բացառիկ մշակութային իրադարձության առիթով հատուկ շնորհավորանք է հղել «Մարտին Սկորսեզե» կինոհիմնադրամը:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի հունվարին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project» փառատոնի շրջանակում ցուցադրվել և թանգարանի մշտական պահպանությանն է հանձնվել Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 4K ձևաչափով վերականգնված ֆիլմը՝ ժապավենային տարբերակով: Այն թանգարանի մշտական պահպանությանը հանձնված առաջին հայկական ֆիլմն է: