Նյու Յորքում կայացել է հայկական և արտերկրյա առաջատար ներդրումային ընկերությունների համատեղ գագաթնաժողովը

24 Հունիսի 2023, 14:40

Տնտեսություն և Բիզնես

Հունիսի 22-ին Նյու Յորք քաղաքի Harvard Club-ում տեղի ունեցավ Orion Summit 2023 գագաթնաժողովը՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Գագաթնաժողովին մասնակցում էին տեխնոլոգիաների, տնտեսության տարբեր ճյուղերի շուրջ 100 ներկայացուցիչներ, գործարարներ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից,  Գերմանիայից և Հայաստանից:

Միջոցառման բացումը կատարեցին Orion-ի հիմնադիրները, Հայաստանի տնտեսության նախարարը, Նյու Յորք քաղաքի Տնտեսական աճի գործակալության միջազգային հարաբերությունների և ռազմավարական աճի տնօրեն Փարքեր Շեդին: Կենդանի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Ամերիկայի օրհներգերը:

Նորամուծություններով և արագացման ծրագրերով վերջին 3 տարում ավելի քան 52 մլն դոլար է հավաքվել հայկական նորաստեղծ ընկերությունների համար, ևս 50 մլն դոլարի գործարք կլինի մինչև տարեվերջ: «Orion-ը նաև միաձուլումների և ձեռքբերումների հարթակ է. հենց հիմա մենք ունենք չորս ընթացիկ գործարք, որոնք կփակվեն մինչև տարեվերջ»,-նշեց Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Դիանա Արզումանյանը: «Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանը ներկայացնենք որպես նորարարություններով հարուստ և այլընտրանքային  ներդրումներ կատարելու պատրաստ երկիր: Երկիր, որը ոչ միայն ներդրումների հնարավորություններ ունի, այլ նաև կարող է այդ ներդրումները բազմապատկել, համագործակցել և ստեղծել արժեք Հայաստանի եւ առաջադեմ աշխարհի համար»,-նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, Covenant Venture Capital-ի գործընկեր Էմմա Առաքելյանը։

Միջոցառմանը նախորդած 3 օրերին մասնակիցները հանդիպել են ներդրողների հետ, քննարկումներ անցկացրել Bank of America-ում, Brooklyn Navy Yard-ում և այլ ընկերություններում: Գագաթնաժողովին ելույթ են ունեցել և քննարկումներին մասնակցել շուրջ 40 բանախոսներ առաջատար Goldman Sachs, BDO Global and BDO Armenia, New York Life Insurance,  Francisco Partners, Block և այլ ընկերություններից։ 

«Օրիոն»-ը նոր հաստատվող ընկերությունների աճի և զարգացման հարթակ է, որն ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ։ Նշենք նաև, որ «Օրիոն»-ը հիմնադրվել է 6 տարի առաջ ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում։