Ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ը շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում նոր հակամարտություն հրահրելու հարցում. Իրինա Ֆյոդորովա

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն Իրանի հասցեին:

«ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թեհրանի վրա, որպեսզի իր համար ավելի լավ պայմաններով նոր գործարք կնքվի, քան Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: Ճնշումներն ընթանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական։ Իրանին տրվել է երկու ամիս ժամանակ, որը լրանում է մայիսի կեսերին։ Եթե Իրանը չգնա համաձայնության, ապա ռազմական գործողություններ կսկսվեն։ Այժմ Թրամփի վերջին հայտարարությունը խոսում է այն մասին, որ շաբաթ օրը Օմանում կսկսվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Թրամփը կարծում է, որ դրանք կլինեն ուղիղ բանակցություններ, այսինքն՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների և Իրանի միջև: Իրանն, իր հերթին, ի դեմս Իրանի արտգործնախարարի, պնդում է, որ բանակցություններն ուղղակի չեն լինելու, այսինքն՝ դրանք լինելու են Օմանի միջնորդների միջոցով, և միայն եթե առաջին փուլի ավարտին այդ շփումների արդյունքները հաջող լինեն, այդ ժամանակ հնարավոր կլինեն ուղղակի բանակցություններ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև», — ասել է Ֆյոդորովան։

Արևելագետի խոսքով՝ երկու կողմերն էլ շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում նոր հակամարտություն հրահրելու հարցում:

«Այս իրավիճակում մենք տեսնում ենք, որ Իրանը շահագրգռված չէ ռազմական գործողություններով և Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ ուղղակի ռազմական հակամարտությամբ, ուստի ամեն ինչ անում է, որպեսզի իրադարձությունների նման շրջադարձ, ես նկատի ունեմ նոր պատերազմի սկսելը, տեղի չունենա։ Այդ նպատակով Մոսկվայում այժմ բանակցություններ են ընթանում Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու առաջատար տերությունների և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այսինքն, ես կարծում եմ, որ այժմ քննարկվում են որոշակի պայմանավորվածություններ, թե ինչպես լուծել այդ հարցը խաղաղ դիվանագիտական միջոցներով։ Լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունն, իմ կարծիքով, շատ փոքր է։ Քանի որ ոչ Իրանը, ոչ էլ ԱՄՆ-ն իրականում շահագրգռված չեն Մերձավոր Արեւելքում նոր հակամարտության հրահրմամբ», — եզրափակել է Ֆյոդորովան։

Մանրամասները ՝ տեսանյութում։