Ո՞րտեղ են ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագծում այլ մարմինների կարծիքները. Արծվիկ Մինասյան

03 Հուլիսի 2025, 12:15

Քաղաքականություն

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախագծերը, որոնցով նախատեսվում է ՀԷՑ-ի պետականացումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ երեկվա քննարկումից հետո երկու հարց շարունակում է ոչ միայն անպատասխան մնալ, այլ ավելի է խորացնում կասկածները։ Նա հարցադրումներ ուղղեց նախագծերի հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանին:

«Ըստ ձեզ, որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պահպանվե՞լ է արդյոք օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու, կարծիքներ հավաքագրելու, ԱԺ լիակատար քննարկում իրականացնելու պահանջները, թե՞ ոչ։

Երկրորդ հարցը վերաբերում է սահմանադրականությանը, միջազգային պարտավորություններին, ՀՀ քաղաքացիների ու Հայաստանի վրա անկառավարելի ֆինանսական և ներդրումային ռիսկերին։ Այս հարցերն անպատասխան են մնացել՝ ո՞վ է վճարելու այս գործարքի հետևանքով Հայաստանի քաղաքացիների բարձրացող գումարները։ Ո՞ւմ է վերաբերում այս փոփոխությունը, որ սուբյեկտներին»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Հիմնական զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախ ասաց, որ նախագիծը տեղադրվել է ԱԺ պաշտոնական կայքում և բոլորը հնարավորություն են ունեցել քննարկել, մեկնաբանել այն։ «Որևէ սահմանափակում չի եղել»,- նշեց նա, սակայն Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ ասելով, որ փաթեթը ենթադրում է շահագրգիռ կառույցների կարծիքներ։

«Որտեղ է Արդարադատության նախարարության, ՀԾԿՀ-ի կարծիքը։ Ու նաև հստակեցրեք, թե ում է վերաբերում այս փոփոխությունը»,- հավելեց պատգամավորը։

Վարդանյանն իր հերթին նշեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ՀԷՑ-ին, նաև էներգետիկայի ոլորտի բոլոր անկյունաքարային դերակատարություն իրականացնող սուբյեկտներին։

Մանրամասն՝ տեսանյութում։