Ո՞վ է Թրամփի մահափորձի մեջ մեղադրվող հայը․ մանրամասներ՝ սկանդալային դեպքից
18 Հոկտեմբերի 2024, 14:39
Օրերս հայտարարվեց, որ ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ 3-րդ մահափորձն է կատարվել, որի մեջ մեղադրվողն ասել է, թե ինքը հայ է: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Alpha News-ի մեկնաբան, լրագրող Արթուր Սահակյանը:
«Այդ մարդը Վեմ Միլլերն (Ենոքյան) է, ով ծնվել է Կանադայում, ապա տեղափոխվել Լաս Վեգաս: Նա հանրապետական է, Թրամփի երկարատև աջակիցներից: Թրամփի այդ օրվա հանրահավաքն աննախադեպ էր․ մոտ 100 հազար մարդ էր հավաքվել: Նրա ժամանելուց առաջ Ենոքյանը ձերբակալվում է: Իսկ ի՞նչ է տեղի ունենում:
Նա իր մեքենայում ունեցել է զենք՝ ատրճանակ և հրացան, երկուսն էլ լիցքավորված: Այդ շրջանի շերիֆը հայտարարել է, որ կանխել է Թրամփի դեմ երրորդ մահափորձը: Հետագայում նոր հանգամանքներ հայտնի դարձան: Մասնավորապես, որ դա այդքան էլ մահափորձ չի կարելի համարել, քանի որ Ենոքյանը բացատրել է իր հարցազրոյցներում՝ ինքը չէր կարող մահափորձ կազմակերպել Թրամփի դեմ, քանի որ նրա աջակիցն է, հանդիպել է Թրամփի որդիների հետ, ակտիվ մասնակցել է բոլոր հանրահավաքներին, Հանրապետական կուսակցության կողմից անձամբ հրավեր է ստացել մասնակցելու այդ հանրահավաքին ու պետք է անցներ VIP անցակետով»,- մանրամասնել է Սահակյանը:
Ըստ Ենոքյանի՝ շերիֆը կեղծ հայտարարություն է արել, որ Թրամփի մոտ անուն հանի:
«Կալիֆորնիայում արգելվում է զենքը լիցքավորած պահել մեքենայում: Պետք է, օրինակ, պահեստատուփը առանձնացված լինի զենքից և պահվի այլ վայրում: Ըստ իրեն՝ դա է եղել իր ամբողջ մեղքը, իսկ զենքերը օրինական իր անունով են եղել: Ինքն է ոստիկաններին ասել, որ իր մեքենայում կան զենքեր, որից հետո իրեն ձերբվակալել են, իսկ հետո 5000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել:
Ըստ նրա՝ շերիֆը, ով հայտարարել է մահափորձը կանխելու մասին, պարզապես փորձում է հերոսանալ՝ ասելով, որ փրկեց Թրամփի կյանքը: Շերիֆն ուզում է դառնալ Կալիֆորնիայում քաղաքապետ, այդ իսկ պատճառով կեղծ հայտարարություն է արել: Հիմա Ենոքյանը պատրաստվում է շերիֆին դատի տալ»,- եզրափակել է Արթուր Սահակյանը: