Ոչ մի նորմալ մարդ չի կարող ժխտել Հայոց ցեղասպանության փաստը. Վիտալի Միլոնով
23 Ապրիլի 2025, 22:30
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման փորձերին։
Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի հետ խաղալու ցանկացած փորձ ավարտվում է Թուրքիայի հաղթանակով։
«Ոչ մի նորմալ մարդ չի կարող ժխտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի ցեղասպանության փաստը։ Սա ակնհայտ փաստ է։ Ես չեմ կարծում, որ մտքով և խղճով որևէ մեկը կարող է դա անել: Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ խաղալու ցանկացած փորձ ավարտվում է Թուրքիայի հաղթանակով։
Այսինքն, քիչ հավանական է, որ դա կօգնի ինչ-որ կերպ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այս համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը հնարավոր է միայն Հայաստանի համար շատ սխալ ճանապարհով՝ սեփական ինքնությունից հրաժարվելով։
Անհնար է հերքել այն, ինչ եղել է, անհնար է հրաժարվել պատմությունից, կարող ես չիմանալ պատմություն, կարող ես փորձել խեղաթյուրել այն, բայց պատմությունն այն է, ինչ կա՝ պատմական իրադարձությունների և փաստերի շղթա, որ գոյություն ունի։ Դու կարող ես չխոսել դրա մասին, կարող ես ստել, որ դրանք չեն եղել, բայց դրանք եղել են, իսկ պատմական ճշմարտությունն աղավաղելու փորձերը հանգեցնում են միայն ճգնաժամի, մեծ խնդիրների և թյուրիմացությունների»,- ասել է Միլոնովը։