Ոչ ոք հստակ պատկերացում չունի Թրամփի թիմի ծրագրերի մասին. Բոգդան Բեզպալկո

11 Նոյեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում խոսել է, թե ինչպես կազդի ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը Վաշինգտոնի քաղաքականության վրա՝ Ռուսաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ։

«Ես շատ զգույշ կարող եմ այս առումով արտահայտվել, որ դեռևս չկա հստակ ըմբռնում ընդհանուր առմամբ Թրամփի ծրագրերի վերաբերյալ՝ Հարավային Կովկասի, Կասպիական տարածաշրջանի և նույնիսկ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Առայժմ միայն կարող ենք ասել, որ գուցե Թրամփն ավելի պրագմատիկ կլինի իր մոտեցմամբ և ավելի քիչ գաղափարական։

Օրինակ, այժմ հայտնի է դարձել էներգետիկ ոլորտում ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցների մասնակի չեղարկման մասին։ Բայց դա արվում է ոչ թե այն պատճառով, որ նա ցանկանում է վերականգնել բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ այն պատճառով, որ դա ձեռնտու է նաև ԱՄՆ-ին։ Դա բիզնեսի տրամաբանություն է։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այդ առումով էլ նա կմոտենա ինչպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների, այնպես էլ Հարավային Կովկասի հարցերին։

Բայց, այնուամենայնիվ, առայժմ ոչ ոք հստակ պատկերացում չունի Թրամփի թիմի ծրագրի և անձամբ Թրամփի մասին: Դրանց մասին նա դեռ չի հայտարարել, և նա դեռ նախագահ չէ։ Այսինքն՝ նրան ընտրել են, նա հաղթող է, բայց նա լիարժեք նախագահ կդառնա միայն 2025 թվականի հունվարին»,- ասել է Բեզպալկոն։

Փորձագետի կարծիքով՝ նախկինում Թրամփի տված բոլոր խոստումները ոչ այլ ինչ են, քան նախընտրական հռետորաբանություն։

«Հիմա ներկայիս նախագահական քարոզարշավը, դե, վերջին, ասենք, 10 տարիների ընթացքում, աննախադեպ է ինչպես ծախսված գումարների քանակով, նախընտրական խոստումների քանակով, այնպես էլ պոպուլիզմի մասշտաբներով։ Այնպես որ, առայժմ այս ամենը կարելի է համարել ծայրահեղ արմատական պոպուլիզմ, որը նախկինում բնորոշ չէր ԱՄՆ նախագահի թեկնածուներին»,- եզրափակել է Բեզպալկոն։

Հիմա եթերում