«Օդերի մեջ եմ, չեմ հավատում». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սամվելի եւ Նարեկի եղբայրը

08 Օգոստոսի 2023, 09:54

Հայեր

«Աչքերս չեն փակվում, չեմ կարողանում քնել, ամբողջ գիշեր իրեն եմ նայում»,- հինգ օրական Սամվելին գիրկն առած՝ Alpha News-ի հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած Նուշիկ Մուրադյանը, որն օգոստոսի 4-ին նորից մայրացել է՝ ծնվել է նրա երրորդ որդին՝ Սամվելը։

3 կգ 350 գրամ քաշով, 51 սմ հասակով տղային անվանակոչել են ավագ եղբոր անունով։ Հայրը՝ Գեղամն է այդպես կամեցել։

«Սամվելը բոլորին երազ էր գալիս ու ասում, որ ծնվելու է։ Ես իմ տղաների շորերը բաժանել եմ հարազատներիս, ծանոթներին, որ բոլորն էլ հագնեն, ունենան։ Սամվելս երազ եկավ, ասաց՝ մամ, բաժանել ես, հիմա ես շոր չունեմ, ախր ես պետք է ծնվեմ, ինձ նորից կգնե՞ս»,- պատմում է 49-ամյա Նուշիկ Մուրադյանը։

Տիկին Նուշիկը չի հավատում նոր իրողությանը, ասում է՝ կարծես դեռ երազի մեջ լինեմ։ Փոքրիկ Սամվելին նմանեցնում է կրտսեր որդուն՝ Նարեկին, որն աչքի էր ընկնում իր զսպվածությամբ։

Սամվելից աչքը չի կտրում մայրը, պատերազմից շուրջ երեք տարի անց կարծես նոր է կյանք վերադառնում։

«Մեր աչքերը փայլում են, բոլորը նկատել են։ Ամուսնուս երեք տարի անց փայլող աչքերով եմ տեսել, դրանք խամրած էին»,- ասում է տիկին Նուշիկն ու շարունակում․

«Նարեկն էլ պետք է ծնվի, հաստատ կնեղանա, եթե չծնվի։ Սամվելից հետո Նարեկս էլ երազ եկավ, ասաց՝ մամ, գիտես, որ ես էլ եմ գալու, ինձ էլ շորեր կառնես։ Ես իրավունք չունեմ դա չանելու, կառավարությունն էլ պետք է օգնի»։

Նուշիկ Մուրադյանը, ինչպես 44-օրյա պատերազմում զոհված երեք տասնյակից ավելի զինծառայողների մայրեր, փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունեցել Առողջապահության նախարարության անպտղության հաղթահարման ընդլայնված ծրագրի շրջանակում, ինչը նշանակում է, որ ամբողջ ծախսը հատուցում է կառավարությունը։

«Հիմա արդեն պետք է մեր թոռներին խնամեինք»,- ասում են Նուշիկն ու ամուսինը՝ Գեղամը, որը չի համարձակվում, ձեռքերը դողում են, որ գրկի տղային։ Հիշում է՝ Սամվելին ու Նարեկին էլ չէր գրկել՝ մինչեւ մի քիչ քաշ չէին հավաքել։

«Օդերի մեջ եմ, չեմ հավատում»,- ասում է Գեղամը, որը երեք տարի է, ինչպես ինքն է ասում՝ թունելի մեջ է:

«Սիրո ու երջանկության հիման վրա կառուցած տունս քանդել են։ Էս երեխեքը մեր ապագա վրիժառուներն են, մեկ է՝ մենք Արցախը հետ ենք բերելու: Մեր հայրենիքին հզոր, ուժեղ տղերք են պետք։ Կաշխատեմ ապրել էնքան, որ Սամվելիս հասցնեմ իր նպատակին, դաստիարակեմ հայրենասեր տղայի»,- ասում է Գեղամն ու հավաստիացնում՝ Նարեկն էլ է ծնվելու։

Նշենք, որ Սամվելն ու Նարեկը ժամկետային զինծառայողներ էին, Սամվելը՝ 19, Նարեկը 18 տարեկան էր։ Նա դեռ չէր էլ հասցրել զինվորական երդում ստանալ, երբ պատերազմը սկսվել էր։ Եղբայրները մի քանի օր են հասցրել իրար հետ ծառայել, հետո Սամվելին դիրքեր են բարձրացրել, ու պատերազմը սկսվել է։ Պատերազմի 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, տղաներն իրար գտել են մարտի դաշտում։ Կարճ ժամանակ անց զոհվել են: