Օֆելյայից մինչև Համլետ. մեծն Սիրանույշի անհավանական դերերը
25 Մայիսի 2025, 23:00
Սիրանույշը (իսկական անունը Մերոպե Գանթարճյան) նշանավոր հայ դերասանուհի է, ով խորը հետք է թողել թատերական արվեստի պատմության մեջ։
Սիրանույշը ծնվել է 1857 թվականի մայիսի 25-ին Կոստանդնուպոլսում և դարձել առաջին կին դերասանը, որ իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել հայ դերասանական արվեստում։
Սիրանույշը ծնվել է արվեստագետների ընտանիքում։ 1873 թվականին նա իր նորամուտը նշել է Ստամբուլի Պ. Մաղաքյանի թատրոնի բեմում, իսկ երկու տարի անց միացել է Հակոբ Վարդովյանի թատերախմբին։ Նրա հայերեն և թուրքերեն ելույթները շատ արագ գրավել են հանդիսատեսի ուշադրությունը։ Սակայն Օսմանյան կայսրությունում քաղաքական իրավիճակը բարդանում էր, և 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական թատրոնները սկսեցին հալածանքների ենթարկվել։
1879 թվականին Սիրանույշը քրոջ՝ Աստղիկի և դերասան Պետրոս Ադամյանի հետ տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ շարունակել է իր կարիերան։ Դերասանուհին հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում, Բուլղարիայում, Հունաստանում և Եգիպտոսում՝ հանդես գալով դրամատիկական և օպերետային ներկայացումներով: 1897 թվականին նրան հրավիրել են Բաքվի հայկական թատրոն, որից հետո ելույթ է ունեցել Երևանում, Ալեքսանդրապոլում, Նոր Նախիջևանում, Շուշիում և Թիֆլիսում։
Սիրանույշի խաղացանկը բազմազան էր, խաղացել է ավելի քան 300 դեր մի շարք ներկայացումներում, այդ թվում՝ Ռուզան (Մուրացան, «Ռուզան»), Կեկել, Անանի (Սունդուկյան, «Պեպո», «Էլի մեկ զոհ»), Նաստասիա Ֆիլիպովնա (Դոստոևսկի, «Ապուշը), Ամալյա (Շիլլեր, «Ավազակները»), Մարգարիտ Գոթիե (Ալեքսանդր Դյումա կրտսեր, «Կամելիազարդ տիկինը»), շեքսպիրյան մի շարք գլխավոր դերեր՝ Օֆելյա, Համլետ («Համլետ»), Կատարինա («Անսանձ կնոջ սանձահարումը»), Լեդի Մակբեթ («Մակբեթ»), Դեզդեմոնա («Օթելլո), Գոներիլիա («Լիր արքա), Պորցիա («Վենետիկի վաճառականը») և այլն։ Նրա խաղը բարձր է գնահատվել այնպիսի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են Մարիա Երմոլովան և Ալեքսանդր Յուժին-Սումբատովը:
Սիրանույշի կարիերայի ամենազարմանալի դրվագներից մեկը Համլետի դերն էր 1901 թվականին։ Դա աննախադեպ էր. կինն առաջին անգամ Համլետին մարմնավորել է հայկական բեմում: Դանիայի արքայազնի կերպարի նրա մեկնաբանությունը հիացմունք է առաջացրել հանդիսատեսի և քննադատների շրջանում, և նրա տաղանդը համեմատվել է Սառա Բեռնարի և Էլեոնորա Դուզեի վարպետության հետ:
Սիրանույշը շարունակել է ելույթները մինչև կյանքի վերջ։ 1909 թվականին Բաքվում հանդիսավորությամբ նշվել է նրա գեղարվեստական գործունեության 35-ամյակը։ 1912 թվականին հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում և Պետերբուրգում:
Դերասանուհին կյանքից հեռացել է 1932 թվականի հունիսի 10-ին Կահիրեում, իսկ նրա անունը հավերժ դարձել է հայկական թատրոնի խորհրդանիշը: