«Օգոստոսի 8-ի համաձայնագրից Հայաստանը ստացել է զրո՝ միայն խնդիրներ». Ռոբերտ Քոչարյան
07 Հոկտեմբերի 2025, 11:33
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Միացյալ Նահանգները ստացել է ապագայում ձևավորվելիք միջանցքի վերահսկողություն, Հայաստան–Իրան սահմանին վերահսկողության հնարավորություն և երրորդ՝ «Նոբելյան մրցանակի» ներկայացման իրավունք։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր մամուլի ասուլիսի բացման խոսքում։
«Ի՞նչ է ստացել Ադրբեջանը։ Ստացել է միջանցքի իրավունք՝ Հայաստանի Հանրապետության տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում և 907-րդ բանաձևի չեղարկում։ Շատ կոնկրետ։ Հիմա ի՞նչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ ասած՝ ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ի՞նչ է ստացել Հայաստանը։ Զրո։ Միայն խնդիրներ, որոնց մասին ավելի ուշ կասեմ։ Եվ վերջապես՝ ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ կա շատ կոնկրետ բան, որ ստացել է Հայաստանի վարչապետը։ Ստացել է մեկ նկար՝ նախագահ Թրամփի ստորագրությամբ, և ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Չոր մնացորդում՝ իրականությունը սա է»,- նշել է երկրորդ նախագահը։
Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում։
«Այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար, դրոշ և Փաշինյան։ Ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրել, եթե ամեն ինչ արդեն պայմանավորված է։ Ավելի լավ առիթ՝ այդ փաստաթղթերը հենց ղեկավարների կողմից ստորագրելու, պարզապես չէր կարող լինել։ Սա, իսկապես, հարցեր է առաջացնում»,- ընդգծել է Քոչարյանը։