Օմսկում կցուցադրվի երիտասարդ հայուհու մասին պատմող «Լեռների քամին» ֆիլմը
10 Հունվարի 2025, 13:51
Օմսկում Short Film Days («Կարճամետրաժ կինոյի օրեր») կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի նաև հայուհու մասին պատմող «Լեռների քամին» ֆիլմը:
Գլխավոր դերերում հանդես են գալիս Եվա Ազրոյանը, Մարատ Կաֆյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Արտյոմ Բաղդասարյանը և այլք։
16 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է մի երիտասարդ հայուհու մասին, ով երբեք չի ապրել իր հայրենիքում։ Նա ամռանը գալիս է տատիկին այցելելու Հայաստան՝ իր մոսկովյան համերգից առաջ։ Նրա տատիկն ու տղան, ում նա պատահաբար հանդիպում է, ամեն կերպ փորձում են նրա մեջ սեր սերմանել Հայաստանի, լեզվի, հայկական մշակույթի հանդեպ։
Նշվում է նաև, որ փառատոնի ծրագրում ներառված են մինչև 35 տարեկան կինոգործիչների անիմացիոն, վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր։