Օնտարիոյում անցկացվել է «Հայկական ժառանգության ամիս»

04 Հունիսի 2023, 17:55

Մշակույթ

Դեսպան Անահիտ Հարությունյանը Օնտարիո նահանգի խորհրդարանում մասնակցեց հայկական ժառանգության ամսվան նվիրված առաջին ընդունելությանը, որին ներկա էին նաև Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը, նահանգի կառավարության և խորհրդարանի բազմաթիվ անդամներ։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամ Արիս Բաբիկյանին՝ Օնտարիոյում մայիս ամիսը հայկական ժառանգության ամիս հռչակող 105-րդ օրինագիծը հովանավորելու գործում իր դերակատարության համար։

Պատգամավոր Պապիկյանը միջոցառման ժամանակ նաև ներկայացրել է իր հեղինակությամբ գրքույկը, որում անդրադարձ է կատարել հայ ժողովրդի՝ դեպի Կանադա գաղթի պատմությանը, կանադահայերի նշանակալի ավանդին՝ նահանգի հանրային, մշակութային, կրթական, տնտեսական և քաղաքական շրջանակներում, Կանադայի բանակի կողքին՝ Օնտարիոյի հայ համայնքի մասնակցությանն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, ինչպես նաև՝ Կանադայի մարդասիրական օժանդակությանը՝ Ցեղասպանությունը վերապրող հայ ժողովրդին, «Ջորջթաունյան տղաներ» մարդասիրական առաքելությանը, դաշնային և նահանգային օրենսդիր ու գործադիր մարմինների կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը: