Օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

10 Ապրիլի 2026, 14:12

Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգու Ցահքնան Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր։

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

«Ցավոք սրտի և հասկանալիորեն՝ բոլոր հարցերը չէ, որ լուծված են։ Այո, ցավոք սրտի դեռ Բաքվում կան պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն։ Եվ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով»,- նշել է նա։