Օր առաջ պետք է փոխվի Արցախի շուրջ իրերի այս դասավորությունը․ Մերի Դավթյան
08 Մարտի 2024, 22:14
«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մերի Դավթյանը Alpha News-ի ուղիղ եթերում ասել է, որ բլոկադայի օրերին փորձում էին ամեն կերպ միջազգային լրատվամիջոցներին հասցնել այն իրականությունը, որում ապրում էին իրենք։
«Բլոկադայի օրերին անգամ միջազգային լրատվամիջոցների դիմելու դեպքում՝ փորձում էինք ինչ-որ խողովակներով ներկայացնել մեր իրական վիճակը։ Եղել են նաև խոսքի արժեքը կորցնելու հոգեվիճակներ, որովհետև, երբ արդեն պրոցեսը ձգվում էր և գնալով կենցաղային հարցերը շատ ավելի խստանում էին ու անհնարինության աստիճանի հասնում, մի քիչ դժվար է նման պայմաններում գտնվող մարդկանց ստիպել հրապարակային ինչ-ինչ խոսքեր ասել։ Հասկանում էի, որ խոսելը շատ կարևոր էր, առաջին ամիսներին շատ ակտիվ ներկայացնում էի իրավիճակը՝ հույսով, որ կարող է աշխարհը կամ Հայաստանն անհնարին միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ճանապարհը բացվի»,- ասել է Դավթյանը։
Նա նշել է, որ իննամսյա բլոկադան դժվարություններ է ստեղծել և նյութապես, և հոգեբանորեն։
«Այդ 9 ամսվա շրջափակումը, օղակումը և՛ հոգեբանական, և՛ նյութական իմաստով մարդկանց մի քիչ իրենց բնականոն վիճակից գցել է։ Դրան գումարած՝ մեկօրյա ավանտյուրան, որ տեղի ունեցավ 2023-ի սեպտեմբերի 19-ին։ Այն մոլորության, հուսահատության մեջ գցեց մարդկանց, նրանք սկսեցին մտածել՝ ինչ էլ ասեն, միևնույն է, բան չի փոխվում։ Խոստովանեմ՝ այնքան էլ մեծ հետաքրքրվածություն չկար։ Այո, մի քանի լրատվամիջոցի միջոցով կապը միշտ պահվում էր, բայց նաև տխուր էր գիտակցել կամ զգալ, որ դա համահայկական ձեռք մեկնել չէր, պետական մակարդակով՝ էլ չասեմ»,- տխրությամբ ընդգծել է Մերի Դավթյանը։
Նա նշել է՝ ժամանակ է պետք, որ արցախցիները վերագտնեն իրենց։
«Ժամանակ է պետք, որպեսզի արցախցին վերագտնի իրեն, արդեն որոշակի նման քայլեր, նախաձեռնություններ ունենք։ Արդեն կա մշակութային պաշտպանության ձևավորված կազմակերպություն, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություն ։ Ինչքան շատ լինեն նման կազմակերպություններն, այնքան ավելի կգեներացնեն մեր հիմնական նպատակն ու ցանկությունը, որ օր առաջ փոխվի իրերի այս դասավորությունը»,- եզրափակել է Մերի Դավթյանը։