Որ երկրի հետ Արևմուտքը լեզու է գտնում, այնտեղ ժողովրդավարության հետ կապված «ամեն ինչ շատ լավ է»․ Վիկտոր Սողոմոնյան
30 Օգոստոսի 2024, 22:50
Որ երկրի հետ Արևմուտքը լեզու է գտնում, այնտեղ մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված ամեն ինչ շատ լավ է, անկախ նրանից, թե այնտեղ իրականում ինչ է կատարվում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Alpha News-ի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը։
«3-4 տարի առաջ ես հանդիպել եմ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցչի հետ, որին պարզ ասել եմ՝ եթե ցանկանում եք վերականգնել ձեր դերակատարությունը որպես ժողովրդավարության և խոսքի ազատության ջատագով, նախ պետք է անցած տարիների խախտումները նշեք, ասեք՝ կներեք, որ որոշ բաներ մենք չենք նկատել ու չենք արձանագրել, ընդունեք, որ ձեզ մոտ երկակի ստանդարտներ են, որից հետո նոր իրավունք ձեռք կբերեք ինչ-որ բաներ ասելու։ Բայց մինչև հիմա նրանք ո՞րն են նշել, կարո՞ղ է որևէ մեկն ասել, քանի՞ լրատվամիջոց է փակվել Հայաստանում այս տարիներին, քանի՞ քաղբանտարկյալ է եղել ՀՀ-ում այս տարիներին և կա։ Այս ամենի մասին ձայն չեն հանել, իսկ ինչո՞ւ պետք է հունիսի 12-ի հետ կապված նրանք ինչ-որ բան ասեն։
Այսինքն՝ ակնհայտ է, որ կա մի իշխանություն, որի հետ նրանք չեն ուզում վերլուծությունների մեջ մտնել ու լեզու են գտել։ Լեզու են գտել տարբեր իմաստներով, օրինակ, աշխարհաքաղաքական կողմնորոշումների իմաստով։ Եվ կյանքը ցույց է տալիս՝ որտեղ Արևմուտքը լեզու է գտնում, այնտեղ մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված ամեն ինչ շատ լավ է, անկախ նրանից, թե այնտեղ իրականում ինչ է կատարվում»,- նշեց Սողոմոնյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչն է դրդում որոշ փորձագետների ամեն դեպքում աչք փակել այդ ամենի վրա, և սլաքներն ուղղել դեպի այդ կողմ, նա նշեց․
«Այս պահին առանց կանոնների կռիվ է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում։ Խաղադրույքներն այնքան մեծ են, ու մենք դա տեսանք Արցախի հարցում, որ դրանք շահելու համար պետությունները պատրաստ են շատ լուրջ քայլերի, և այնպիսի քայլերի, որոնց մենք չենք սպասում։ Եվ այն ցանցը, որն աշխատում է այդ պետությունների համար, իհարկե, ասելու է՝ ամեն ինչ շատ լավ է, ու մենք պետք է շարունակենք գնալ դեպի ժողովրդավարություն»։