Օր, որը չի ջնջվի հիշողությունից. այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է

07 Դեկտեմբերի 2023, 10:50

Հայեր

Ուղիղ 35 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ, իր մասշտաբներով աղետալի երկրաշարժ: Տարերքը հարված է հասցրել Հայաստանի հյուսիսին։

Հզոր ցնցումները 30 վայրկյանում ավերել են երկրի գրեթե ողջ հյուսիսային հատվածը՝ ընդգրկելով երկրի տարածքի մոտ 40 տոկոսը: Երկրաշարժը տեղի է ունեցել Սպիտակում, ցնցումների ուժգնությունը քաղաքում հասել է 10 բալ, Լենինականում՝ 9, Կիրովականում՝ 8 բալ (12 բալանոց սանդղակով): Հզոր տարերային աղետի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 հազար մարդ, ևս 140 հազարը դարձել են հաշմանդամ, ավելի քան 500 հազարը զրկվել են տներից:

Ավերվել Է հանրապետության ողջ բնակելի ֆոնդի 17%-ը, ավերվել է 277 դպրոց, 245 մանկապարտեզ, 250 առողջապահական օբյեկտ։ Դադարել են գործել ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 82 հազար աշխատողներ կորցրել են իրենց գործը։ Երկրաշարժի ընդհանուր վնասը գնահատվել է 14 մլրդ դոլար։ Մի քանի վայրկյանում ոչնչացվել է երկրի արդյունաբերական ներուժի գրեթե 40%-ը։

Հայաստանին օգնության են շտապել փրկարարներ ու կամավորներ ամբողջ աշխարհից։ Ողբերգության հետեւանքների վերացման հանձնաժողովը գլխավորել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը: Հետագայում նրա պատվին հուշարձան են կանգնեցրել Գյումրիում, ինչպես նաեւ նրա անունով փողոց են անվանակոչել:

Սպիտակի երկրաշարժը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը։

Հիշում ենք և սգում: