Օրակարգում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը. Պուտին

13 Հոկտեմբերի 2023, 14:11

Քաղաքականություն

Մոսկվան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Երևանի և Բաքվի միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է խաթարել բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի դաշնակիցների և գործընկերների հետ՝ բառի լայն իմաստով։ 

«Վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և էսկալացիան կանխելու համար։ Մեր օգնությամբ պատրաստվել են համապատասխան եռակողմ փաստաթղթեր։ Իլհամ Ալիևը կարող է հաստատել, որ այս ամբողջ ընթացքում, եռակողմ ձևաչափով, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ծանր աշխատանք են տանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց պարտավորությունները՝ իրենց ունեցած լիազորությունների շրջանակներում»,- նշել է նա։

Պուտինն ասել է, որ ներկայիս օրակարգը խաղաղության պայմանագիր պատրաստելն է՝ վերջ դնելու այս երկարատև հակամարտությանը։ 

«Եվ Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին։ Մասնավորապես, ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ կազմակերպել Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի՝ ցանկացած ձևաչափով, սկզբի համար Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ փորձագետների մակադրակով: Եվ իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ այս երկրներինն է։ Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»,- նշել է նա։