Օրակարգը Արցախում՝ պահպանել պետականությունը
07 Սեպտեմբերի 2023, 21:40
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Արցախում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից: Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ և՛ Հայաստանին, և՛ Արցախին անհրաժեշտ է քաղաքական թարմացում, որպեսզի պարտության խորհրդանիշներն իրենց հետ տանեն իրենց «բանավոր պայմանավորվածությունները»: Սակայն իրադարձությունների զարգացումն ընթացավ բոլորովին այլ սցենարով, ինչի արդյունքում, 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե 3 տարի անց, կարելի է արձանագրել, որ բացի մարտի դաշտում կրած պարտությունից, հայկական կողմը դիվանագիտական ասպարեզում ջախջախիչ պարտությունը է կրել.
- Արցախը ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:
- Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ:
- Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետում ձերբակալվում են Արցախի բնակիչները:
- Միջազգային քրեական դատարանի որոշումները չեն ստիպում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:
Այս իրադարձությունները տեղի են ունեցել Արցախի բարձրագույն ղեկավարության համատարած լռության պայմաններում։ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, ոչ մի անգամ լիարժեք քաղաքական գնահատական չի տվել ՀՀ ղեկավարության գործողություններին։ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառների մասին Հարությունյանը միայն մեկ անգամ «կիսաակնարկներով» խոսել է Արցախի հանրային հեռուստատեսությանը տված իր վերջին հարցազրույցում, երբ ԱՀ նախագահը հայտարարել էր, որ շրջափակման պատճառը միայն «Արցախի ճանաչումը չէ՝ որպես Ադրբեջանի մաս», այլ նաև կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների չկատարումը, սակայն գործընթացը չանցավ «Փաշինյանին տրված դեղին քարտից» այն կողմ։
Իրավիճակը շարունակել է սրվել, և օգոստոսի 28-ին ադրբեջանական անցակետում ձերբակալվում են Արցախի երեք բնակիչներ։
Դեպքի օրը Արցախի մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել։ ԱԺ նիստից հետո Արայիկ Հարությունյանի ներկայանալը հավաքվածներին, ուղեկցվեց բացականչություններով, թե Հարությունյանին այլևս ոչ ոք չի հավատում, ինչը ակնհայտորեն ցույց տվեց, որ այլևս հնարավոր չի լինի հետաձգել նրա հրաժարականը։ Սա հղի էր իրական պայթյունով։
Արդեն օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ Հարությունյանը ոչ միայն հրաժարական է տվել, այլև պաշտոնանկ է արել պետնախարար Գուրգեն Ներսիսյանին՝ այս պաշտոնում նշանակելով Սամվել Շահրամանյանին։
Արդեն սեպտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Արցախի Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցություններ՝ «Արդարություն», ՀՅԴ և «Արցախի դեմոկրատական կուսակցություն», նախագահի պաշտոնում առաջադրել են պետնախարար Ս. Շահրամանյանին։ Ավելի ուշ Շահրամանյանի թեկնածությունը պաշտպանել էր նաև «Ազատ հայրենիք» խմբակցությունը։ Այսպիսով, Շահրամանյանը դարձավ ընդդիմության և իշխանությունների միասնական թեկնածուն։
Քայլը շատ խորհրդանշական էր՝ ցույց էր տալիս, որ Արցախում բոլոր ուժերը պատրաստ են միասին աշխատել՝ հաղթահարելու քաղաքական ճգնաժամը։ Հենց քաղաքական, քանի որ շրջափակումը և դրանից առաջացրած հումանիտար դժվարությունները քաղաքական ճգնաժամի դրսևորումներ են:
Հայտնի է նաև, որ մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ բացահայտ հակառուսական, և առանձին քաղաքական գործիչներ, համաձայն չեն այս որոշման հետ և նույնիսկ պատրաստ են իրենց դժգոհությունն արտահայտել բողոքի ակցիաներով, սակայն այս դեպքում մնում է հույս հայտնել, որ ցանկացած քաղաքական ուժի առաջնահերթությունը կլինի Արցախի պետականության պահպանումը։ Ցանկացած քաղաքական կուսակցության և անհատ գործչի առաքելությունը պետք է լինի այն, որ Արայիկ Հարությունյանը չմնա ԼՂՀ վերջին նախագահ։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Հարությունյանից հետո Արցախը ղեկավարող ցանկացած գործիչ ստիպված է լինելու դիմակայել մի շարք դժվարին մարտահրավերների, որոնք պետք է լուծվեն արագ և գրեթե միաժամանակ.
- Հումանիտար ճգնաժամի մեղմացում ռեսուրսների առավել արդյունավետ վերաբաշխման միջոցով:
- Ադրբեջանի հետ հստակ բանակցային օրակարգի որոշում:
- Արցախում ռուսական ռազմական կոնտինգենտի հետ վստահելի, կանխատեսելի և արդյունավետ հարաբերությունների ձևավորում:
- 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի իրականացմանը նպաստելը:
Արցախի նոր ղեկավարությունն այլևս չունի «սխալների լիմիտ» և չի կարող իրեն թույլ տալ կրկնել Արայիկ Հարությունյանի ուղին՝ մի բան խոստանալ Մոսկվայում, մեկ այլ բան իրականացնել տեղում, տեսնել և հասկանալ, որ Երևանը շեղվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած իր պարտավորություններից, և նույնիսկ մտահոգություն չհայտնել այս հարցի վերաբերյալ։