Չի երեւում, որ ռեսուրս ունեցող ուժերը կարող են 50+1% ձայն հավաքել. քաղտեխնոլոգ
29 Օգոստոսի 2023, 18:40
Երեւանի ավագանու ընտրությունների 7 օրվա քարոզարշավից դատողություններ անելով՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ 14 ուժերից որեւէ մեկին չի հաջողվի միանձնյա իշխանություն ձեւավորել:
«Այս պահի դրությամբ չի երեւում, որ ռեսուրս ունեցող ուժերը կարող են 50+1% ձայն հավաքել, բայց նրանց մեջ թիվ մեկ խաղացողը, առավել ազդեցիկն իշխող ուժն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի քարոզարշավն ավելի ընկալելի է, որովհետեւ նրանք երեւանցիներին գործարք են առաջարկում՝ ինչ է քեզ պետք, ես կանեմ: ՔՊ-ի կարգախոսը՝ «Ասեք, կանենք», տիպիկ համապատասխանում է իրենց թեկնածուի գործելաոճին, իսկ ընտրությունների ժամանակ կարեւորը հենց դա է»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:
Երեւանի ավագանու կազմում Բադալյանը տեսնում է 3 ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրին, «Մայր Հայաստան» դաշինքին եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությանը: Քաղտեխնոլոգը դժվարանում է ասել՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը, որն ակտիվ քարոզարշավ է անցկացնում ու նրա դիտարկմամբ՝ ռեսուրս ունի, քաղաքային իշխանության մաս կկազմի՞, թե՞՝ ոչ. «Ռեսուրս ունենալը քիչ է, դժվար է ասել՝ նա կանցնի, թե՞՝ ոչ»:
Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը եւ «Ապրելու երկիր» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկում են որպես իշխանափոխության հնարավորություն: Իշխող ուժի պարտությունը կարո՞ղ է երկրում իշխանափոխության հնարավորություն ստեղծել, Արմեն Բադալյանի համոզմամբ՝ ոչ:
«Երեւանի ընտրությունները երկրում ամբողջովին իշխանափոխություն անելու մեխանիզմներ չեն նախատեսում: Դրա համար պետք է արտաքին քաղաքական «դաբրո» ունենալ: Դրանից բացի, նաեւ գործուն աջակցություն պետք է ունենալ, բայց հասարակության մոտ չկա այդ պոտենցիալը, որ կարողանա ամբողջ երկրում իշխանություն փոխել ու չպետք է մտածել, որ եթե Երեւանում ինչ-որ բան հաջողվեց, նույնը կլինի օրինակ՝ Սիսիանում, որտեղ օրեր առաջ երգում-պարում էին, մինչդեռ 100 մետր այն կողմ զինված ադրբեջանցիներն են»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Նշենք՝ Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին: Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ, 13 կուսակցություն եւ 1 դաշինք: