Որևէ կասկած չի կարող լինել Սյունիքի երթուղու նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ. Սերգեյ Ստանկևիչ

12 Սեպտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան Իրանին տրամադրել է անհրաժեշտ բոլոր պարզաբանումներն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:

Փորձագետի կարծիքով՝ Իրանում ինչ-որ տեղեկատվական սադրանք է տարածվել, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

«Սա փորձ է լուծել դատարկ տեղում առաջացած խնդիրը։ Բանն այն է, որ Իրանի կողմից անսպասելի հնչեցին նեղացած արձագանքներ։ Իրանում ինչ-որ սադրիչ լուրեր են տարածվել այն մասին, թե իբր Ռուսաստանը ցանկանում է վերահսկողության տակ վերցնել «Զանգեզուրի միջանցքը», ցանկանում է աջակցել, որպեսզի այդ տարածքը, Իրանի կողքին գտնվող այդ սահմանային գոտին դուրս բերվի Հայաստանի ինքնիշխանությունից և այլն։ Այսինքն՝ ինչ-որ տեղեկատվական սադրանք է տարածվել, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Եվ Մոսկվայի ու Թեհրանի միջև ինչ-որ կոնֆլիկտ բորբոքելուն ուղղված անհիմն լուրերի հետագա տարածումը կասեցնելու համար ուղարկվել են պաշտոնական գրավոր պարզաբանումներ։

Իմ կարծիքով, դա ճիշտ քայլ է: Այդպես էլ պետք էր անել, քանի որ պարզապես ԶԼՄ-ներում ինչ-որ կարծիքներ փոխանակելը, նման իրավիճակում բավարար չէ։ Այսինքն՝ անհրաժեշտ է դիվանագիտական նոտայի տեսքով պաշտոնապես ձևակերպված դոկտրինալ դիրքորոշում։ Անշուշտ, այդ փաստաթղթում պարզաբանում կար, որ Զանգեզուրի կամ Սյունիքի այս երթուղու տարածքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ կասկածներ չեն կարող լինել, և որ այն պետք է զարգացնել՝ հաշվի առնելով, իհարկե, Հայաստանի ինքնիշխանությունը, որը մնում է անսասան», — ասել է Ստանկևիչը։