Խովաևյան (ռուսաստանյան) առաջարկում ամրագրվում է, որ ԼՂ հակամարտության լուծումը պետք է թողնվի ապագային. Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյան
07 Հունիսի 2023, 17:10
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանը, մեկնաբանելով ընթացիկ բանակցությունները, նշում է.
«Աշխարհաքաղաքական զարգացումների ոչ բարենպաստ ֆոնին բավականին դժվար է առաջ քաշել այնպիսի օրակարգ, որը կսպասարկի արցախյան կողմի շահերը, բայց ամեն դեպքում բանակցությունները հենց դա են ենթադրում, որ ինչքան էլ դժվար լինի՝ փորձես պաշտպանել քո տեսակետը, առաջ քաշես այն օրակարգը, որը մեզ համար գոյաբանական նշանակություն ունի:
Ինչ վերաբերում է արցախահայության շահերի և իրավունքների պաշտպանությանը, այս առումով, միանշանակ, մենք կարող ենք հույս դնել միայն ինքներս մեզ վրա:
Բայց միջազգային հանրության կողմից առաջարկվող երաշխիքները և մեխանիզմներն այս փուլում միակ ընդունելի տարբերակն են:
Մենք հասկանում ենք, որ առանց միջազգային երաշխիքների չենք կարողանալու որևէ, նույնիսկ ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություն, հույս ունենալ, որ կյանքի կկոչվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը և հաշվի առնելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է իր վրա ստանձնած պարտավորությունները: Միամտություն է կարծել, թե Ադրբեջանն ապագայում որևէ ձեռքբերված պայմանավորվածություն, որոնք ամրագրված չլինեն միջազգային մեխանիզմների շրջանակներում, կկատարի»:
Անդրադառնալով շրջանառվող այն տեսակետին, թե «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչվել», զրկելով միջազգային երաշխիքների հնարավորությունը, Ա. Հարությունյանը շեշտում է.
«Որևէ մեկն իրավասու չէ արցախցիների փոխարեն որոշելու Արցախի ճակատագիրը: Միայն Արցախի ժողովուրդն է իրավասու և լիազորված որոշելու Արցախի ապագան: Մենք շարունակելու ենք մեր պայքարը և որևէ մեկը չի կարող մեզ շեղել մեր ինքնորոշման իրավունքը իրացնելու ճանապարհից»:
Խոսելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, պատգամավորը նշում է.
«Մեզ համար ինչ-որ չափով ընդունելի է Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը՝ միայն միջազգային մեխանիզմների շրջանակներում: Ադրբեջանը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից, մյուս կողմից նաև Ադրբեջանը չի կատարում արդեն իսկ իր ստանձնած պարտավորությունը: Այս ամենը հուշում է, որ ուղիղ երկխոսության պարագայում մենք դատապարտված ենք ձախողման, և հնարավոր չէ հույս ունենալ, որ որևէ պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել, որը հետագայում կյանքի կկոչվի:
Ուղիղ երկխոսությունն, իհարկե, անհրաժեշտ է, բայց պետք են համապատասխան երաշխիքներ և մեխանիզմներ, որոնք թույլ կտան խուսափել տարընթերցումներից և կողմերից յուրաքանչյուրի՝ իր ստանձնած պարտավորությունների կատարմանը»:
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական երկու բևեռների` Արևմուտքի և Ռուսաստանի` արցախյան հիմնախնդրի կարգավորման մոտեցումներին, ապա պատգամավորը նշում է, որ առաջարկվող տարբերակներից ընդունելին ռուսականն է:
«Այսպես կոչված, խովաևյան առաջարկում առկա է մի կետ, որտեղ ամրագրվում է, որ կա Լեռնային Ղարաբաղի հակամատություն, և այդ հակամարտության լուծումը պետք է թողնվի ապագային:
Մոտեցումը, գոնե այս փուլում, մեզ համար ընդունելի է՝ հաշվի առնելով և տարածաշրջանում ստեղծված անհավասարակշռությունը, և պատերազմից հետո Ադրբեջանի մաքսիմալիստական հռետորաբանությունը, դժվար է ակնկալել, որ որևէ արդարացի լուծում կլինի: Դրա համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնվի ապագային:
Բայց Ադրբեջանի համար անընդունելի է ռուսական առաջարկի այս կետը: Ըստ էության, եթե ռուսական առաջարկից հանենք այս կետը, արևմտյան առաջարկների և ռուսական առաջարկների միջև գրեթե էական տարբերություն չի լինելու:
Պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ևս սկսի իրատեսական և կառուցողական մոտենալ բանակցային պրոցեսին»,- կարևորում է Արամ Հարությունյանը, գրում է Artsakhtert.am-ը: