Որպեսզի ՀՀ-ն իրավական դաշտում լինի պարտված, առաջ են քաշում Սահմանադրության փոփոխությունը․ Վահե Գրիգորյան
22 Հունվարի 2024, 23:40
Ինչու են Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հետաքրքրված ու շահագրգռված ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ։ Alpha News-ի ուղիղ եթերում այս հարցի պատասխանն է տվել սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը։
«2020թ․ 44-օրյա պատերազմի ավարտից հետո թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ Թուրքիայի նախագահը հանդես էին գալիս հստակ հայտարարություններով, որտեղ նրանք ամրագրում էին իրենց տեսակետն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի փոխելու Սահմանադրությունը։ Ինչու են Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հետաքրքրված ու շահագրգռված ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ։
Նախ՝ մեր թշնամին գործում է առնվազն մի քանի ճակատներով, մեկը՝ քաղաքական ճակատն է, 2-րդը՝ ռազմական, 3-րդը՝ իրավական։ Վերջինս գալիս է ամրագրելու, ամրապնդելու, իրավական տեսք տալու թշնամու բոլոր հաջողությունները»,- ասել է Վահե Գրիգորյանը․
Նա նշել է, որ թշնամին այժմ փորձում է իրավական դաշտում հաջողության հասնել։
«ՀՀ-ում ստեղծված իրավիճակը ու Արցախի՝ առնվազն այս պահին պոստ ֆակտում այն հանգամանքը, որ Արցախի տարածքում այս պահին հայեր չեն ապրում, թշնամուն հասցրել են վերջին կետին․ նրան պետք է ուղղակի իրավական տեսանկյունից ամրագրել իր հաղթանակը, դրա խոչընդոտը համարվում է ՀՀ Սահմանադրության նախաբանը, որը Սահմանադրության անբաժանելի մասն է կազմում։ Այնտեղ հղում է կատարվում Անկախության հռչակագրին, դրանով հռչակված սկզբունքներին ու նպատակներին։
Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին սատար կանգնելու ՀՀ հանձնառությունն է, մյուսը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի բարձրացումը՝ որպես պետական քաղաքականություն։ Որպեսզի ՀՀ-ն արդեն իրավական ու բարձրագույն մայր օրենքի շրջանակում լինի պարտված, հասել են արդեն ՀՀ Սահմանադրության փոփոխությանը»,- ասել է սահմանադրագետը։
Նա ընգծել է՝ ժողովրդին դրդելու են հանրաքվեի միջոցով օրինականացնել սահմանադրական փոփոխությունները։
«Պետք է հստակ նշել՝ անգամ այն անձը, որ հայտարարել է սահմանադրական փոփոխությունների կամ նման մտադրությունների մասին, ինքն էլ է ասել, որ կառավարման մոդելի վրա փոփոխություններ չեն լինելու կամ իրենք չեն նախատեսում։ Այսինքն՝ եթե կառավարման մոդելը չի փոխվում,ապա ի՞նչը պետք է փոխվի։ Ըստ էության, մի քանի տեխնիկական, ձևական փոփոխություններ կլինեն։ Կարգախոսը, օրինակ, կլինի հետևյալը, թե ասենք այո՛, խաղաղությանը։ Ահա այսպես ժողովրդին կդրդեն հանրաքվեի միջոցով օրինականացնել «խաղաղության» դարաշրջանին համահունչ կազմված Սահմանադրությունը»,- եզրափակել է Վահե Գրիգորյանը։